Կալանավորվեց «analitik.am»-ի տնօրենի օգնականը
Դատարանը քիչ առաջ երկու ամսով կալանավորել է շորթման մեջ մեղադրվող, «analitik.am»-ի տնօրենի օգնական Վարդիթեր Գիշյանին: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Վ.Գիշյանի պաշտպան, փաստաբան Ստեփան Ոսկանյանը՝ տարակուսանք հայտնելով, որ անգամ գրավ չկիրառվեց:
Պաշտպանը նշեց, որ սա ամենաապօրինի որոշումներից մեկն է, որն ինքը երբևէ տեսել է իր փաստաբանական գործունեության ընթացքում, շատ զարմացել ու հիասթափվել է դատական համակարգից:
Փաստաբանը պարզաբանեց, որ որոշումն ապօրինի է, քանի որ դատարանի կողմից հաշվի չառնվեց, որ բացակայում են հիմնավոր կասկածն ու կալանավորման հիմքերը , հաշվի չեն առնվել նաև դատարանին ներկայացված անձը բնութագրող տվյալները: Դատարանը հաշվի չի առել անգամ այն, որ կինն ունի երկուսուկես տարեկան երեխա, տվել է օբյեկտիվ ու արժանահավատ ցուցմունքներ:
Ս.Ոսկանյանը հայտնեց, որ անպայման բողոքարկելու է դատարանի այս որոշումը Վերաքննիչ քրեական դատարան:
Վ.Գիշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շորթում, մեղադրանքը նա չի ընդունում: