Հայրը կազդի՞ Րաֆֆիի վրա. 168 ժամ
Երեկ Ազատության հրապարակում արդեն 10-րդ օրը հացադուլի մեջ գտնվող “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին են այցելել նրա ծնողները` ԱՄՆ-ից Հայաստան ժամանած հեղինակավոր պրոֆեսոր, պատմաբան Ռիչարդ Կ. Հովհաննիսյանը եւ Վարդիթեր Կոճոլոզյան-Հովհաննիսյանը:
Այս այցելությունը որքան նեղ անձնական, ընտանեկան, նույնքան էլ` հասարակական-հանրային է, քանի որ արտերկրից ծնողներն այցելության են եկել մարդու, ով ընտրություններում ստացել է 540 հազար քաղաքացիների քվեն եւ ընտրել է պայքարի ամենածայրահեղ միջոցը: Ա
յսինքն` Հովհաննիսյանների այցելությունն իրենց որդուն կարող է ունենալ ոչ միայն անձնական, այլեւ քաղաքական նշանակություն, այն իմաստով, որ Տեր եւ Տիկին Հովհաննիսյանները` որպես ծնողներ, մտահոգ լինելով իրենց որդու առողջության համար, բնականաբար, նրան հորդորելու են դադարեցնել հացադուլը, ամեն ինչ անելու են դրանում Րաֆֆի Հովհաննիսյանին համոզելու համար:
Իսկ դա իր հերթին` անխուսափելիորեն ունենալու է քաղաքական հետեւանք, քանի որ պայքարը բարոյականից տեղափոխվելու է քաղաքական հարթություն: Այս հեռանկարը, բնականաբար, հաշվարկել է նաեւ իշխանությունը, որը, որքան էլ ցույց տա, թե մտահոգված չէ Ազատության հրապարակում տեղի ունեցող գործընթացներով, միեւնույն է, մտահոգ է հնարավոր զարգացումներից այնքանով, որ դրանք անկանխատեսելի են եւ կարող են դուրս գալ իրենց վերահսկողությունից:
Թերթի տեղեկություններով, Րաֆֆի Հովհաննիսյանի` հացադուլի մասին որոշման հայտարարությունից հետո իշխանությունները դիվանագիտական եւ սփյուռքի կառույցների միջոցով կապ են հաստատել Ռիչարդ Կ. Հովհաննիսյանի հետ եւ խնդրել նրան ազդել որդու վրա, որպեսզի վերջինս հրաժարվի պայքարի այդ միջոցից եւ դադարեցնի հացադուլը:
Նույն աղբյուրների փոխանցմամբ, հեղինակավոր պատմաբանն իշխանության բանագնացներին փոխանցել է, որ անկախ այդ խնդրանքից` ինքը պատրաստվում է ժամանել Հայաստան, քանի որ չափազանց մտահոգ է որդու առողջության համար: Միեւնույն ժամանակ` Ռ. Կ. Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ վստահ է` իր այցելությունը եւ հորդորները չեն կարող ազդել Րաֆֆի Հովհաննիսյանի որոշման վրա: