Կառավարության անդամները չգիտեն իրենց տեղերը. Հայկական ժամանակ
Աժ-ում Կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանին լրագրողները հարցրել են ճի՞շտ են այն տեղեկությունները, որ նոր կառավարության կազմում, որ պատրաստվում է կազմել Ս. Սարգսյանը, ինքը չի լինելու: Բեգլարյանը պատասխանել է, թե այս պահին ոչ ոք չգիտի ինքը կառավարության կազմում լինելու է. թե ոչ:
Թերթը նշում է, որ վերջինս շատ էր ցանկանում հետ վերադառնալ Երեւանի քաղաքապետարան քաղաքապետի կարգավիճակով, ինչը, սակայն, Սերժ Սարգսյանը չուզեց: Այս օրերին տեղեկություններ կային նաեւ, թե Սարգսյանի կառավարության կազմում չի լինելու արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւս: Երեկ նա այդ խոսակցությունները բամբասանք է որակել: Կրթության եւ գիտության ՀՀԿ-ական նախարար Արմեն Աշոտյանն էլ իր հերթին է հերքել մամուլում հայտնված այն լուրերը, թե ինքը դեսպան է նշանակվելու Ֆրանսիայում: Լուրեր կային նաեւ, թե առաջիկայում միավորվելու են ոստիկանությունն ու ազգային անվտանգության ծառայությունը:
Իշխանության վերնախավում հրաժարվել են այդ գաղափարից: Ի դեպ, ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը, ով առողջական խնդիրներ ունի, ըստ մեզ հասած տեղեկությունների, Սարգսյանի կառավարությունում շարունակելու է պաշտոնավարել նույն կարգավիճակով: Նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է եկող տարի:
Այնուհետեւ Հակոբյանը կուղարկվի վաստակած հանգստի: Արդեն այդ ժամանակ, ըստ դեռեւս գործող պայմանավորվածության, այդ պաշտոնում նրան փոխարինելու է ԱԱԾ տնօրենի տեղակալ, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրը Արզուման Հարությունյանը:
Սերժ Սարգսյանն օրերս մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել էր, թե լուրջ փոփոխություններ ինքը չի պատրաստվում անել իր կառավարության կազմում: