Վերանայվում է “Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին” օրենքը
Ազգային ժողովի պատգամավորներն այսօր կեսօրին մեկնարկելիք նիստում կշարունակեն հարցեր ուղղել Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին` նախօրեին նրա կողմից նոր խմբագրությամբ ներկայացված “Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին” օրենքի և կից ներկայացվող 14 օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթի վերաբերյալ:
ԿԲ նախագահը` ներկայացնելով օրենսդրական նախաձեռնությունը, նշեց, որ 15 օրինագծերից կազմված ծավալուն փաթեթը մշակվել է Գլխավոր դատախազության, Վճռաբեկ դատարանի, ՀՀ արդարադատության և ֆինանսների նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ոստիկանության, Պետական եկամուտների կոմիտեի և այլ շահագրգիռ գերատեսչությունների փորձագետների հետ համատեղ քննարկումների արդյունքում:
Հաշվի են առնվել Եվրախորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետների կողմից ՀՀ-ում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի համատեղ գնահատման հաշվետվությամբ արված երաշխավորությունները, ինչպես նաև ոլորտը կարգավորող ներկայիս օրենսդրության կիրառության ընթացքում ի հայտ եկած խնդիրները, բացերը և հակասությունները:
Ըստ հիմնական զեկուցողի` օրենսդրական փաթեթում ներառված փոփոխությունները պայմանականորեն կարելի է բաժանել 3 խմբի` քրեական և քրեադատավարական ոլորտներին, փողերի լվացման ու ահաբեկչության ֆինանսավորմանն ընդհանուր կանխարգելմանը և ոչ ֆինանսական ոլորտին վերաբերվող փոփոխություններ ու լրացումներ:
Քրեական և քրեադատավարական ոլորտներին առնչվող փոփոխությունները, մասնավորապես, վերաբերում են գործող Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածում նախատեսված փողերի լվացման համար նախորդող համարվող հանցագործությունների ցանկին: Ըստ այդմ, նախատեսվում է փոփոխել փողերի լվացմանը նախորդող հանցակազմերի շրջանակը` նախատեսելով, որ ՔրՕր-ով նախատեսված ցանկացած հանցագործություն, որի կատարման արդյունքում կարող է ստացվել գույք, կարող է համարվել փողերի լվացմանը նախորդող հանցագործություն:
Նախատեսվում է նաև փոփոխել պարտադիր տեղեկացման ենթակա գործարքների վերաբերյալ հաշվետվությունների տրամադրման սահմանաչափը: Գործող օրենքով անշարժ գույքի հետ կապված պարտադիր տեղեկացման գործարքների համար սահմանված են 20 միլիոն և 50 միլիոն դրամի սամանաչափեր:
Միջազգային պրակտիկայում լայնորեն ընդունված է կանխիկի հետ կապված գործարքների մասով 10 հազար դոլարի/եվրոյի հաշվետվողականության սահմանաչափի կիրառումը: Ելնելով դրանից, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ դրամաշրջանառությունում կանխիկով կատարվող գործարքների մեծածավալությունը՝ օրենքի նոր խմբագրության նախագծում կանխիկի հետ կապված գործարքների համար որպես սահմանաչափ նախատեսվել է 5 միլիոն դրամը՝ մյուս գործարքների համար ուժի մեջ թողնելով վերոնշյալ 20 և 50 միլիոն դրամի սահմանաչափերը:
Աղբյուրը` “Փաստինֆո”