«Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը կընդունվի՞
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը կարծում է՝ մոտ ապագայում Հայաստանը չի ընդունի Արցախի անկախությունը:
Հիշեցնենք՝ ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացրել Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
«Ասեմ, որ դա ավելի շուտ PR նշանակություն ունի, քանի որ եթե Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը, որոշ քայլեր կխախտվեն: Արցախյան հիմնահարցի առանցքային կետերից մեկն այն է, որ հստակեցվի Արցախի կարգավիճակը: Եթե հայկական կողմը պաշտոնապես ընդունի Արցախի անկախությունը, Ադրբեջանը ավելորդ խոսելու առիթ կունենա ինչ-որ առումով»:
Քաղտեխնոլոգը նշեց՝ Արցախի անկախությունն ընդունելու մասին օրինագիծը, արծարծվող լուրերն ու քննարկումները նաև ազդակ են՝ միջազգային հանրությանը ցույց տալու համար, որ Հայաստանը կարող է գնալ նման քայլի:
«Ամեն դեպքում, չեմ կարծում, թե այդ օրինագիծը կընդունվի ու կճանաչվի Արցախի անկախությունը: Բացի այդ՝ մի բան էլ ասեմ. եթե Ադրբեջանը վստահ լինի, որ կհաղթի, ռազմական գործողություններով մի բանի կհասնի, կհարձակվի՝ անկախ նրանից՝ Արցախի անկախությունը ճանաչված կլինի, թե ոչ», – ասաց քաղտեխնոլոգը: