Սերժ Սարգսյանի գլխավոր ուղերձը` քանի տալիս եմ, վերցրու. Առավոտ
Հիշո՞ւմ եք` “Գարնան 17 ակնթարթները” ֆիլմում պաստոր Շլագը Շվեյցարիայում զրուցում է գերմանացի վտարանդի դիվանագետ Կրաուզեի հետ եւ իր զարմանքն է հայտնում, թե ինչպես են ամերիկացիները Ալեն Դալեսի միջոցով փորձում բանակցել Լեոի [այսինքն` Հիտլերի) հետ: Եվ դիվանագետը պատաս-խանում է մոտավորապես հետեւյալը. “Քրիստոս, Նեո` այդ հասկացությունները քաղաքականության հետ կապ չունեն: Քաղաքականությունը ուժերի հարաբերակցության ճշգրիտ արտահայտությունն է”: Իհարկե, կարելի է դա ցինիզմ անվանել, կարելի է նաեւ ասել` “ուրեմն քաղաքականությունը պարտադիր պետք է անբարոյակա՞ն լինի”:
Ոչ, նման հեռու գնացող հետեւություններ պետք չէ անել՝ քաղաքականությունը կարող է լինել բարոյական եւ անբարոյական, ինչպես խնձորը կարող է լինել կարմիր կամ դեղին: Բայց խնձորը` որպես միրգ, ու կարմիրը (դեղինը)` որպես գույն, տարբեր ոլորտների երեւույթներ են:
Հիմա, երբ շուրջբոլորն ասում են, որ Ազատության հրապարակում պետք է ձեւավորվի քաղաքական օրակարգ, հրաշալի, ազնիվ, պարկեշտ մարդ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ նույնքան համակրելի Զարուհին, Ստեփանը, Արմենը կարող են վիրավորվել եւ նույնիսկ զարմանալ` բա նախագահի ինքնաբացարկը պահանջելը քաղաքականություն չէ՞:
Նայած ինչ պայմաններում եւ ինչ գործիքներով: Եթե ես, օրինակ, պահանջեմ, որ նախագահ հռչակվի Հրանտ Բսսգրատյանը եւ հանուն դրա սպառնամ ինձ գցել Կիեւյան կամրջից, դա կնշանակի՞, որ ես զբաղվում եմ քաղաքականությամբ: Ես հիմքեր կունենամ դա պահանջելու միայն այն դեպքում, եթե ինձնից ուժ ներկայացնեմ:
Իշխանության ուժը պետական մեքենան է` իր ուժային կառույցներով` ոստիկանությամբ, հատուկ ծառայություններով, բանակով եւ այլն: Ընդդիմության ուժը իր գաղափարներին անկեղծորեն հավատացող ակտիվ զանգվածն է: 1988-ին ՀԽԱՀ ԳԽ 250 պատգամավորներից միայն երկուսն էին ներկայացնում Շարժումը` Աշոտ Մանուչարյանը եւ Խաչիկ Ստամբոլցյանը:
Բայց նրանք կարողանում էին ԳԽ-ին պարտադրել իրենց որոշումները, որովհետեւ իրենց թիկունքում տասնյակ հազարավոր մարդիկ էին: Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը, անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպմանը, արել է հետեւյալ համեմատությունը. դու գնում ես բանակցելու եւ ասում ես, որ քո ապրանքն արժե 10.000, 5.000 կամ 3.000 դրամ, ինչն ինքնին մեթոդաբանական սխալ է, որովհետեւ միանգամից նշվում է “վերջին գինը”` ԱԺ նոր ընտրությունները:
Շարունակելով այդ համեմատությունը` կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանի գլխավոր ուղերձը, որը հնչել է լրագրողների հետ նրա հանդիպման ժամանակ, հետեւյալն է. քո ապրանքն արժե 1000 դրամ` սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, վերցրու, քանի տալիս եմ:
Նախագահի ասածները կարող են դուր չգալ, կարող են զայրացնել, բայց դա քաղաքական տեքստ է, որը հիմնված է ուժերի ներկայիս հարաբերակցության արձանագրման վրա:
Իսկ այդ արձանագրումը նույնպես հնչել է նույն հանդիպման ժամանակ` 2008 թ. նույնատիպ իրավիճակում “թեկնածուն” (Սերժ Սարգսյանի օգտագործած բառն է) հավաքում էր 30.000 հոգի, իսկ հիմա` միջինը 3.000 հոգի: Սա փաստերի չոր արձանագրումն է, որի հետ չի կարելի հաշվի չնստել:
Արամ Աբրահամյան