Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակիցները պարգևների են արժանացել
Մայիսի 3-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ապրիլի 2-ի կարգադրությամբ միջազգային հանրությանը Հայոց ցեղասպանության մասին իրազեկման եւ Ցեղասպանության ճանաչման գործում ներդրած ավանդի համար ՀՀ ԱԺ Պատվո մեդալ է հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին, իսկ թանգարան-ինստիտուտի տնօրենի տեղակալ Սուրեն Մանուկյանին՝ ԱԺ նախագահի հուշամեդալ:
Էդուարդ Շարմազանովը պարգեւներ է հանձնել նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մի շարք աշխատակիցների:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը պարգեւատրվել է ՀՀ Ազգային ժողովի պատվոգրով, թանգարանի էքսկուրսավարներ Հայկուհի Գեւորգյանը, Անժելա Թեւեքելյանը, Աստղիկ Եդիգարյանը, թանգարանի ցուցանմուշների պահապաններ Արփինե Ալեքսանյանը, Վարդուհի Շողերյանը, Հայոց ցեղասպանության թանգարանային կառույցի սպասարկման բաժնի վարիչ Թումաս Թումասյանը պարգեւատրվել են ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրերով:
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, հանձնելով պարգեւները եւ շնորհավորելով պարգեւատրվածներին, շնորհակալություն է հայտնել Հայկ Դեմոյանին, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակիցներին մեծածավալ եւ հայրենանվեր աշխատանքի համար: ՀՀ ԱԺ փոխնախագահի խոսքով՝ թանգարանի աշխատակիցների պրոֆեսիոնալ եւ հետեւողական աշխատանքի շնորհիվ է, որ աշխարհի տարբեր անկյուններից թանգարան այցելած բազմաթիվ պատվիրակներին հասանելի եւ հասկանալի է դառնում մեկ դար առաջ հայերի հետ կատարված ողբերգությունը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը շնորհակալություն է հայտնել պարգեւների համար՝ նշելով, որ դրանք պարտավորեցնում են հետագայում ավելի լավ աշխատել:
Այնուհետեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը թանգարանի անունից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ թանգարանի կազմակերպած միջոցառումներին աջակցելու համար ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին պարգեւատրել է «Ջեյմս Բրայս» ոսկե հուշամեդալով: