Առջեւում արյունալի պատերազմ է
Ադրբեջանական զորքերի տեղաշարժը, անընդհատ ռազմադադարի խախտումը, այդ երկրի իշխանությունների հռետորիկան ցույց է տալիս, որ ուզենք, թե չուզենք՝ առջևում մեծ և արյունալի պատերազմ է: Պատերազմ, որտեղ այլևս կվճռվի մեր բոլորիս հետագա ճակատագիրը, պատերազմ, որ լինելու է հստակ հաղթող և հստակ պարտվող: Այս պատերազմն իրականում մեզ պարտադրվում է, այս պատերազմը մենք չենք սկսի, սակայն Աստծո կամոք մենք կավարտենք՝ Հաղթանակով:
Վերջին մեկ ամիսը ցույց տվեց, որ մենք որևիցե երկրի վրա հույս չպետք է դնենք, արդարությունը միշտ էլ կանգնում է հաղթողի կողքին: Այս աշխարհում մենք դաշնակից չունենք, այս աշխարհում մենք հովանավորներ չունենք, մեր մայրերի, քույրերի, մեր Հայրենիքի միակ անվտանգության երաշխիքն այս պահին սահմանը պահող հայ զինվորն ու սպան է, հայ կամավորականը:
Պատերազմական այս իրավիճակում Հայաստանի քաղաքական էլիտան ուղղակի դատապարտված է միասնականության, իսկ իշխանություններն էլ պետք է դասեր քաղեն քառօրյա պատերազմից և հենվեն հողը պահողի, այլ ոչ թե այդ հողը պահողին գռփողի, շահագործողի ու թալանողի վրա:
Հիմա կաշառք վերցնողը դավաճան է, հիմա բանակի օգնությունն ուտողը դավաճան է, հիմա բյուջեն լափողը դավաճան է: Շատ ավելի վտանգավոր թշնամի, քան սահմանից այն կողմ կանգնած թուրքը: Այս գիտակցությունը պետք է ուղեկցի բոլորիս առաջիկա ծանր օրերին: Սին հույսեր չունենանք, թե ամեն ինչ վերջացավ: Ամեն ինչ դեռ նոր է սկսվում:
Նարեկ Գալստյան