Նախագահին հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Տաջիկստանի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Տաջիկստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իմոմուդդին Սատտորովը (նստավայրը՝ Մոսկվա):
Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ դեսպան Սատտորովը Հայաստանում իր դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում կներդնի ողջ կարողություններն ու փորձը՝ նպաստելու Հայաստանի և Տաջիկստանի միջև հարաբերությունների խորացմանը և տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանը:
ՀՀ Նախագահը և Տաջիկստանի դեսպանն անդրադարձել են միջազգային կազմակերպությունների շրջանակում ևս փոխգործակցության ակտիվացմանը: Հանրապետության Նախագահը կարևորել է որպես ՀԱՊԿ անդամ երկրներ՝ Հայաստանի և Տաջիկստանի միջև հարաբերությունների զարգացումը՝ հիմնված Կազմակերպության ընդհանուր նպատակների և անդամ-երկրների կողմից ընդունված սկզբունքների վրա:
Զրուցակիցները քննարկել են քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում երկկողմ միջպետական հարաբերությունները զարգացնելու ներուժն ու հնարավորությունները:
Տաջիկստանի դեսպանը վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը՝ ի շահ հայ-տաջիկական կապերի ամրապնդման ու խորացման, այդ նպատակով կարևորելով իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, որի ուղղությամբ, ըստ նրա, արդեն ակտիվ աշխատանք է իրականացվում: