Միջադեպ հայերի եւ վրացիների միջեւ
«Ջավախք» հայրենակցական միությունը հայտարարություն է տարածել՝ Ախալցխայում կատարված միջադեպի կապակցությամբ։
«Սույն թվականի ապրիլի 23-¬ին ավանդական ջահերով երթից հետո Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա, Աբաթխեւ եւ Ծինուբան հայկական գյուղերի երիտասարդներն ավանդույթի համաձայն բարձրացել են տեղի հայերի կողմից կառուցված սրբավայրի մոտ` կրակ վառելու եւ այսպիսով հարգելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը: Հասնելով սրբավայր` նրանք հանդիպել են հարեւան Վալե քաղաքից մի խումբ վրացիների, ովքեր խնջույք էին կազմակերպել եւ գտնվում էին ոչ սթափ վիճակում:
Չհասկանալով հայ երիտասարդների ուզածը` այդ մարդիկ կռվի են բռնվել նրանց հետ, սակայն որոշ ժամանակ անց հասկացել են միմյանց: Չնայած դրան կեսգիշերին ոստիկանությունն իրենց տներից հանել եւ ոստիկանական տեղամաս է տարել բազմաթիվ հայ երիտասարդների, որոնց ծեծի են ենթարկել, նվաստացրել եւ անգամ անվայել խոսքեր հնչեցրել Հայոց Ցեղասպանության հասցեին: Կատարվածը խիստ հուզել է ջավախքահայությանը:
Մենք գտնում ենք, որ բարեկամ երկրում տեղի հայության նկատմամբ իշխանության ներկայացուցիչների նման վարքագիծն անընդունելի է: Հույս ենք հայտնում, որ կատարվածի մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ, որը եւ կհարթի այդ տգեղ միջադեպը»:
«Ջավախք» միություն