«Էրեբունի-Երևան» տոնակատարության բյուջեն կկրճատվի
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադարձել է ապրիլի սկզբին առաջնագծում զոհված, վիրավոր և հաշմանդամություն ձեռք բերած երևանաբնակ զինծառայողների ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու մասով ավելի վաղ իր կողմից տրված հանձնարարականների ամփոփմանը:
Երևանի քաղաքապետարանի հասարակայնության եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ խորհրդակցության մասնակիցներին նա հայտնել է, որ վերջնական որոշումը կայացրել է՝ հիմք ընդունելով քաղաքապետարանի համապատասխան վարչությունների կողմից ներկայացված ընտանիքների կարիքների գնահատման ուսումնասիրման արդյունքները:
«Խիստ կարևոր էր այս հարցում հասցեական մոտեցումը, համաձայն որի և կայացրել եմ իմ որոշումը: Ըստ այդմ, երևանաբնակ զոհված զինծառայողների ընտանիքներից յուրաքանչյուրին կցուցաբերվի 1,5 մլն դրամի ֆինանսական աջակցություն, հաշմանդամություն ձեռքբերած երևանաբնակ զինծառայողներին՝ 1 միլիոն դրամ, իսկ վիրավորների ընտանիքներին՝ 500-հազարական դրամի ֆինանսական աջակցություն»,- ասել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Նա անդրադարձել է նաև Երևան քաղաքի 2016թ. հաստատված բյուջեի մշակութային միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցների վերանայման հնարավորության հետ կապված հանձնարարականին:
«Մշակութային միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցների վերանայման արդյունքում՝ որոշեցինք կրճատել մասնավորապես «Էրեբունի-Երևան» տոնակատարության համար նախատեսված ֆինանսական միջոցները, որի հաշվին էլ կիրականացվի դրամական աջակցությունը ընտանիքներին»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն էլ զեկուցել է, որ քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի անունից ԼՂՀ կառավարությանը փոխանցվել է 20 մլն դրամ: