Նվազել են և՛ ամուսնությունների, և՛ ծնելիության ցուցանիշերը. Կարինե Կույումջյան
Նախորդ տարի նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի նվազել է և՛ ամուսնությունների, և՛ ծնելիության ցուցանիշերը:
Այսօր այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ԱՎԾ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը՝ ներկայացնելով 2016 թվականի առաջին եռամսյակի վիճակագրական ցուցանիշները:
«2016-ի հունվարի 1-ից ապրիլի մեկն ընկած ժամանակահատվածում մեր երկրում գրանցվել է 9 171 ծնունդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս թիվը նվազել է մոտ 2,5 %-ով»,-հաղորդեց Կարինե Կույումջյանը՝ նշելով, որ շուրջ 25%-ով նվազել է նաև մահացած ծնված երեխաների թիվը։
Բանախոսի պնդմամբ՝ հունվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 7 647 մահացության դեպք, ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է շուրջ 1,4%-ով:
«2016 թվականի առաջին եռամսյակում մահացության պատճառների ավելի քան 47 %-ը եղել են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, 20 %-ը՝ նորագոյացությունները, 4 %-ը՝ դժբախտ պատահարները: Ինչ վերաբերում է բնակչության թվին, ապա 2016-ի ապրիլի մեկի դրությամբ ՀՀ-ում մշտական բնակչության թիվը 2 994 400 է: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բնակչության թվաքանակը նվազել է 12 300-ով կամ 0.4 %-ով»,-ասաց Կարինե Կույումջյանը: