Բացվել է Երևանի կենդանաբանական այգու հերթական տարեշրջանը
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանի և կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի ուղեկցությամբ, այցելել է կենդանաբանական այգի և ներկա գտնվել հերթական տարեշրջանի բացման միջոցառումներին: Քաղաքապետի տեղակալը, որդիների և այգու այցելուների հետ, նախ ունկնդրել է համերգային ծրագիրը, այնուհետ շրջել կենդանաբանական այգու տարածքով: Նշենք, որ 2013-2015 թվականներին Երևանի քաղաքապետարանի ծրագրերով իրականացված այգու առաջին փուլի բարեկարգման աշխատանքների շրջանակում թարմացվել, նորոգվել են ենթակառուցվածքները, ընդլայնվել է կենդանաբանական այգու տարածքը, զգալիորեն բարելավվել են կենդանիների կեցության պայմանները: Կացարանները հիմնականում ջեռուցվում են, ինչը, ինչպես նաև այգու աշխատակազմի հոգատար վերաբերմունքի արդյունքում, ձմեռացումից հետո կենդանիների անկման դեպքեր չեն արձանագրվել: Ավելին, հենց այս գիշեր երկուսով ավելացել է կենդանիների թիվը. այգու վերաբացումը նշանավորվել է լույս աշխարհ եկած հայկական մուֆլոնի և Պոնի ցեղատեսակի ձիու ծնունդներով:
Մինչև տարեվերջ նախատեսվում է իրագործել կենդանաբանական այգու բարեփոխումների 2 –րդ փուլը`դարձյալ մի շարք նորամուծություններով ու նոր նախագծերով, ինչն էլ հնարավորություն կտա ավելացնել ազատավանդակներ ունեցող կենդանիների թիվը: Այգու պատասխանատուները վստահեցրել են, որ կարվի հնարավորը, որպեսզի Երևանի կենդանաբանական այգին բոլոր այցելուների, ու հատկապես երեխաների համար լինի գրավիչ ու գեղեցիկ: Այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը նշել է, որ այգու հետ կապված բոլոր աշխատանքները քաղաքապետարանի և անձամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական ուշադրության կենտրոնում են: Հարկ է նշել, որ այսօրվանից կենդանաբանական այգին այցելուների համար բաց կլինի մինչև 21:00-ն, իսկ տոմսարկղը կգործի մինչև 20:00-ն: Նշենք նաև, որ կենդանաբանական այգու մուտքը սահմանամերձ գյուղերի երեխաների համար ամբողջ տարին կլինի անվճար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն