Քիչ դոլար կբերեն. Հայկական ժամանակ
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապեսյանը թերթի հետ զրույցում հույս է հայտնել որ այս տարի Նովրուզին (մարտի 21-ը) իրանցի զբոսաշրջիկների թիվը կլինի անցած տարվա չափ: Սակայն տուրիստական գործակալությունները կանխատեսում են զբոսաշրջիկների թվի կտրուկ, մինչեւ 10 անգամ նվազում: “Տաթեւ Տ.Տ.Տ.” տուրիստական գործակալությունից թերթի թղթակցին հայտնել են, որ այս օրերին Իրան-Հայաստան սահմանը հատում է օրական 2 ավտոբուս, իսկ անցած տարվա այս օրերին դրանք 10-ն էին:
Նովրուզի տոները Հայաստանում անցկացնող իրանցիներից յուրաքանչյուրը, միջին հաշվով Հայաստանում ծախսում էր մոտ հազար դոլար եւ դա մեծ ազդեցություն էր ունենում` դրամի սեզոնային արժեզրկումը կանխելու առումով: Այս տարի այդ բարերար ազդեցությունը շատ ավելի փոքր կլինի:
Թերթը նշում է, որ երեկ երեւանյան չենջերում մեկ դոլարի առքի գինը հասել է մինչեւ 416 դրամ: Իսկ անցած տարի այս օրերին դրամը արժեվորման միտումներ էր դրսեւորում, ինչը պայմանավորված էր իրանցի զբոսաշրջիկների` Հայաստան բերած արտարժույթի մեծ քանակությամբ: