Որտե՞ղ է գտնվում ԼՂՀ խնդրի կարգավորման բանալին․ պարզաբանում է փորձագետը
Քաղաքական փորձագետ Սերգեյ Շաքարյանցը կարծում է՝ ԼՂՀ խնդրի կարգավորման բանալին գտնվում է Ղարաբաղում։
«Այդ խնդրի կարգավորման բանալին Արցախում է։ Արցախը պետք է դառնա բանակցային կողմ։ Կարծում եմ՝ բանակցությունների լավագույն ֆորմատը կլինի այն, որ բանակցային սեղանի շուրջ նստեն երեք կողմեր՝ Ադրբեջանը, Հայաստանն ու Արցախը։ Միջնորդ պետությունների առկայությունը բանակցային սեղանի շուրջ՝ չեմ կարծում, թե պիտի օգնի հարցի կարգավորման գործընթացին», – ասաց Սերգեյ Շաքարյանըցը։
Փորձագետն ընդգծեց՝ դժվար է ասել, թե իրադարձություններն ինչպես կզարգանան։
«Ամեն օր զոհերի նոր անվանացուցակ է հրապարակվում։ Սա, անշուշտ, շատ ցավալի է, բայց անցած տարի էլ, նախանցած տարի էլ, էլի պատերազմ էր։ Ինքնախաբեությամբ կզբաղվենք, եթե շարունակենք խոսել այն պնդման մասին, թե պատերազմը զուտ դիպուկահարների միջև էր։ Հավանաբար միջորդները մոտակա 2 ամսվա մեջ կփորձեն սկսել բանակցությունները, եթե դա չստացվեց, բանակցային ձևաչափի փոփոխություն պիտի լինի։ Ես կրկնում եմ՝ եթե ուզում են հարցի կարգավորում լինի, Արցախը պիտի նստի բանակցային սեղանի շուրջ», – ընդգծեց Սերգեյ Շաքարյանցը։