Պարգևատրվել են պարարվեստի ոլորտի գործիչները
Թատրոնի միջազգային ինստիտուտի և Պարի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ՝ 1982 թվականից ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր՝ ի պատիվ ժամանակակից բալետի հիմնադիր, ֆրանսիացի պարուսույց Ժան Ժորժ Նովերրի:
1995 թվականից Պարի միջազգային օրը նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձր հովանու ներքո:
ՅՈւՆԵՍԿՕ-ի Միջազգային պարային խորհրդի նախագահն է Ալկիս Ռաֆտիսը: Ամեն տարի ողջ աշխարհում պարի օրն ունենում է որոշակի խորհուրդ. այս տարի այն նվիրված է պարարվեստի կրթության ազատությանը: Հայաստանում Պարի միջազգային օրը նշվում է 2005 թվականից:
Օրվա խորհրդին համապատասխան, ՀՀ մշակույթի նախարարի հրամանով՝ պարարվեստի ոլորտի գործիչներն այս տարի ևս պարգևատրվեցին ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով և պատվոգրով՝ պարարվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար: Պարգևները հանձնեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը. հանդիպման սկզբում նա ընթերցեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի շնորհավորական ուղերձը՝ հանրապետության պարարվեստի գործիչներին, ապա ողջունելով և շնորհավորելով նրանց՝ մասնագիտական տոնի կապակցությամբ, նշեց.
«Յուրաքանչյուրդ ձեր տեղում՝ մեր պարարվեստը զարգացնելով, նպաստում եք մեր հայրենիքի հզորացմանը, ինչը մեկ անգամ ևս ապացուցում է, որ մշակույթի գործիչները հայրենիքի ջատագովների ստվար զանգվածն են կազմում»: