Ինչո՞ւ են գները ”թռցնում”. ո՞ւր է ՏՄՊՊՀ-ն
Սուրբ Զատիկին դեռևս 13 օր կա, սակայն ձուն արդեն իսկ թանկացել է: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա խոսքով` օրեր առաջ 50 դրամանոց ձուն այժմ վաճառվում է 70 դրամով: Պողոսյանը նշեց, որ ձկան շուկայում ևս թանկացումներ եղել են, սակայն կոնկրետ որքան, նա չգիտի:
Թանկացումներն, ըստ նրա, պայմանավորված են նրանով, որ գյուղացին սոցիալապես վատ վիճակում է գտնվում և սպասում է տոների նախօրեին, որպեսզի ինչ-որ չափով լուծի իր խնդիրները:
”Միշտ տոնից առաջ բարձրացնում են գները, դա վատ երևույթ է, իհարկե: Մենք միշտ պետք է օգնենք գյուղացուն, եթե օգնենք, գինը թռցնելու կարիք չի ունենա: Նա սպասում է, երբ պիտի գա նոր տարին ու Զատիկը, որ գները թռցնի”,-բացատրեց Պողոսյանը:
Վերջինս պարզաբանեց, որ ձկան թանկացումները հիմնականում կապված են նրա հետ, որ ռուսական շուկան արգելեց հայկական ձկան մուտքն այնտեղ:
Նման թանկացումներից խուսափելու համար Սպառողների միության նախագահն առաջարկում է ստեղծել որևէ կազմակերպություն, որը կվերահսկի արտադրվող ապրանքի քանակը: Բացի դա, ինչպես նշեց Պողոսյանը, գները պետության միջամտությամբ սահմանափակելու դարաշրջանն անցել է, և հարկավոր է հարկման միջոցով այն սահմանափակել:
”Եթե հարկումը լինի անվրեպ, գյուղացին կմտածի որքան բարձրացնի, որովհետև եթե բարձրացնի ու դրան համապատասխան հարկումն ավելանա, ամեն մի ավել հինգ դրամը իրեն ավել վնաս կբերի ու այդպես կկարգավորվի, իսկ ավելացված փողը կվերադառնա մեզ թոշակի կամ բանակի ձևով”,-շեշտեց նա:
Արմեն Պողոսյանը հույս հայտնեց, որ ՏՄՊՊՀ-ն կկարողանա վերահսկել թանկացումները: ”Եթե հիմա նա ոչինչ չի անում, չի սաստում, որ չթանկացնեն, չի նշանակում, որ չի վերահսկում: Հնարավոր է հետո պատժամիջոցներ կիրառի”,-եզրափակեց հույս ունի սպառողների միության նախագահը: