Մեր պաշտոնյաներից շատերը չեն ծառայել բանակում. Զարուհի Փոստանջյան
Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կարծում է՝ պաշտոնյաների, հարուստների զավակները չեն ծառայում բանակում:
Ավելին՝ հայրենիքի նկատմամբ իրենց պարտքը չեն կատարել նաև մեր պաշտոնյաներից շատերը: Փոստանջյանը հիշեցրեց՝ իր ասածի վառ ապացույցն այն է, որ հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների ճնշող մեծամասնությունը ելել է աղքատ ու անապահով ընտանիքներից:
‹‹Մեր պաշտոնյաներից շատերը չեն ծառայել բանակում: Մեր երկրի նկատմամբ իրենց պարտքը չեն կատարել նրանք: Բայց մենք գիտենք՝ վեհ երիտասարդներ են եղել մարտի դաշտում: Նրանք հայրենիքի նկատմամբ այնքան մեծ սեր են ունեցել, որ պատրաստ են եղել զոհաբերել իրենց: Այդ տղաների շնորհիվ է, որ մենք այսօր այստեղ նստած խոսում ենք ու անվտանգ ենք››:
Քառօրյա պատերազմը փաստեց՝ Հայաստանը դաշնակիցներ չունի և ժամանակն է, որ մենք այլընտրանքներ փնտրենք: Նրա խոսքով՝ ապրիլյան պատերազմին շուրջ 1.5 տարի նախորդել են ռազմական գործողություններ, և այս պատերազմն անակնկալ չէր: «Ասում են, թե Սերժ Սարգսյանը հաղթեց պատերազմը, ոչ, նա չի հաղթել: Հաղթել են մեր 20 տարեկան զավակները, որոնք կորցրել են իրենց միակ անգին բանը՝ կյանքը: Բայց այսօր մենք հաղթած չենք և մենք ունենք կորցրած տարածքներ, ու թող որևէ մեկը չփորձի մեկնաբանել, թե նման խոսքերով մենք Ադրբեջանի ջրաղացին ջուր ենք լցնում»,- ընդգծեց Փոստանջյանը:
Վերջինս նկատեց՝ այսօր հայկական բանակին նոր սպառազինություն է պետք, սակայն պետական բյուջեում նման գումարներ չկան: Ըստ նրա՝ դրամահավաքության ֆոնդին առաջինը պետք է միանային երկրի հարստությունն իրենց մոտ կուտակած պաշտոնյաները: