Ասել, որ Թուրքիան ու Ադրբեջանը հանդուրժող են, նույնն է, թե՝ Հիտլերը քրիստոնյա էր. Շարմազանով
ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակն անդրադարձավ մի շարք հարցերի, այդ թվում՝ Չավուշօղլուի հայտարարությանը, թե Թուրքիան ու Ադրբեջանը հանդուրժողական երկրներ են: Նշենք՝ այդ հայտարարությունը տարածվել է նաև միջազգային մամուլում: Անդրադառնալով այս ամենին՝ Շարմազանովն ասաց.
‹‹Կարծեմ՝ Չավուշօղլուն այդ հայտարարությունը Բաքվում է արել: Էրդողանն էլ է փայլել իր մտքի գոհարներով: Բայց չմոռանանք՝ Թուրքիայում մինչև 1915 թվականը եղել են հազարավոր հայկական ու հունական եկեղեցիներ: Այդ եկեղեցիների մեծ մասնայլևս չկա, որոշներն էլ վերածվել են գոմերի, լավագույն դեպքում՝ մզկիթների: Թուրքիան տարիներ շարունակ՝ իրականացրել է մշակութային ցեղասպանություն: Նոր Ջուղայի խաչքարերի մասին էլ կարելի է հիշել: Այս մասին ողջ քաղաքակիրթ աշխարհը գիտի: Էլ ի՞նչ հանդուրժողականության մասին է խոսքը: Ասել, որ Թուրքիան ու Ադրբեջանը հանդուրժող են, նույնն է, թե՝ Հիտլերը քրիստոնյա էր››, – ասաց Շարմազանովը:
Շարմազանովն անդրադարձավ նաև մեզանում տարածված բաժանումներին՝ ղարաբաղցի, հայաստանի, սփյուռքահայ… ՀՀԿ խոսնակն ասաց՝ դեմ է ամեն տեսակի բաժանարար գծերին. մենք պիտի կուռ միասնություն լինենք: Շարմազանովը հիշեցրեց՝ քառօրյա պատերազմը ցույց տվեց՝ մենք ուժեղ ենք, երբ միասին ենք, մենք հաղթող դուրս եկանք: Ադրբեջանը ջանում էր կայծակնային պատերազմով հաջողությունների հասնել, տարածքներ նվաճել, բայց ձախողվեց, որովհետև հայ բազմի ուժն ավելի զորեղ է: