Կառավարությունում ներկայացվեց զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները
Այսօր՝ ապրիլի 28-ին Կառավարության հերթական նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական վիճակի վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները:
Նախարարն նշեց, որ ապրիլի սկզբին տեղի ունեցած սահմանային բախման հետևանքով զոհված զինծառայողների սոցիալական վիճակի ուսումնասիրության նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կողմից մշակվել և հաստատվել է զոհված զինծառայողների ընտանիքների կարիքների գնահատաման համապատասխան մեթոդաբանություն:
Այս ընտանիքների հետ անմիջական աշխատանքներ են իրականացվել տեղերում գործող խմբերի կողմից:
Նախարարի փոխանցմամբ՝ ընտանիքների սոցիալական վիճակի նախնական գնահատումը վերաբերել է ընտանիքի կազմի, ընտանիքի անդամների առողջական, ուսման հետ կապված խնդիրներին, ինչպես նաև զբաղվածության առկա իրավիճակին և հնարավոր ցանկալի զարգացումներին:
«Ուսումնասիրվել են բնակարանային, կոմունալ հարմարությունները և այլ պայմաններ: Ուսումնասիրվել են շփման գծում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհված 64 զոհված զինծառայողների ընտանիքներ՝ 9 մարզերում և Երևանում»,- նշեց Արտեմ Ասատրյանը:
Նախարարի փոխանցմամբ՝ ուսումնասիրությունների արդյունքում մի շարք խնդիրներ են ի հայտ եկել:
Նախարարն ասաց, որ այս օրերին էլ բազմաթիվ մարդիկ շարունակում են օգնել նշված ընտանիքներին, հետևաբար դա հասցեական հիմքերի վրա դնելու համար առաջարկվում է ներդնել սոցիալական աշխատողի ինստիտուտը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ այս ուսումնասիրությունների շրջանակներում նախապատրաստվել են վարչապետի մի շարք հանձնարարականներ, որոնք կտրամադրվեն համապատասխան գերատեսչություններին: