ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում
Ապրիլի 27-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Արգո Ավակովի գլխավորած պատվիրակությանը:
Շնորհավորելով հյուրին նշանակման կապակցությամբ՝ Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց ոստիկանության բարեփոխումների ներկա փուլը՝ նշելով, որ նախորդ տարիներին այդ ոլորտում դրական արդյունքներ են արձանագրվել նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ սերտ գործընկերության շնորհիվ: Արդյունավետ է եղել համատեղ աշխատանքը հատկապես համայնքային ոստիկանության մոդելի ներդրման, ոստիկանության անձնակազմի մասնագիտական պատրաստականության բարելավման, անդրազգային և կիբերհանցավորության դեմ պայքարի ու մի շարք այլ ուղղություններով:
Արգո Ավակովը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ կարևորեց փոխգործակցության բարձր մակարդակը և համոզմունք հայտնեց, որ գործընկերությունը Հայաստանի ոստիկանության բարեփոխման և համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ շարունակվելու է:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: