Ոստիկանությանը նռնակներ և այլ զինամթերք են հանձնել
Ոստիկանության Թալինի բաժնի ՊՊԾ ջոկի ծառայողների և ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 26-ին, ժամը 16.00-ին,1964 թ. ծնված Հրաչիկ Բ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 16 փամփուշտ, ինքնաձիգի փամփշտակալ և հայտնել, որ նշվածը ձեռք է բերել 1992-1994 թթ. ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 26-ին, ժամը 11.30-ին, 1984 թ. ծնված Տիգրան Վ.-ն կամավոր հանձնել է 5,6 մմ տրամաչափի փամփուշտ կրակող ինքնաշեն սարք, «Ջ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 180 փամփուշտ և հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը:
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 26-ին, ժամը 09.00-ին, 1966 թ. ծնված Արմեն Ա.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 60 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, և հայտնել, որ զինամթերքը հայտնաբերել է ապրիլի 25-ին, ժամը 20.00-ի սահմաններում, իր անասնագոմի տանիքից և որ այն պատկանում է իրեն, որը բերել է 1992 թ. ԼՂՀ մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ:
Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 26-ին, ժամը 11.30-ին, 1968 թ. ծնված Արամ Ն.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, ատրճանակի 9 մմ տրամաչափի 7 և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 6 փամփուշտ ու հայտնել, որ դրանք 1994 թ. ապրիլին իրեն տվել է ընկերը (մահացել է 1994 թ., ԼՂՀ պաշտպանական մարտերի մասնակից):