Օսկանյանը` ընդդիմության արեւ եւ միասնական թեկնածու. Հմայակ Հովհաննիսյան
ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե այսօր գտնվելով նախագահական ընտրարշավի նախաշեմին, հստակություն չունենք, թե ովքեր են մասնակցելու նախագահական ընտրություններին, թեեւ նախորդ ընտրությունների շրջանում մասնակիցների ով լինելն ուրվագծվում էր:
Հմայակ Հովհաննիսյանի խոսքով, Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը, Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, “Ժառանգություն”-“Ազատ դեմոկրատներ” ճեղքվածքը եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը ԱՄՆ-ի դեսպանի հետ արեւմուտքի ծրագրի բաղկացուցիչներ են եւ փոխկապակցված են միմյանց հետ:
Ըստ նրա, 5 oo հազար քվե ստացած քաղաքական ուժը` ԲՀԿ-ն, որը ՌԴ հետ խորքային ինտեգրման կողմնակից էր, շրջադարձ է կատարում դեպի արեւմտամետ դաշտ:
Օսկանյանի դեմ սկսված գործողությունները, Հմայակ Հովհաննիսյանի խոսքով, ոչ այլ ինչ է, քան նրան հերոսացնելու եւ ԲՀԿ-ի քաղաքական լուսանցքից առանցքային դեմք դարձնելու միջոց եւ ցույց է տալիս, որ թե՛ տարածաշրջանում , թե՛ հայաստանյան ներքաղաքական կյանքում տեղի են ունենում տեղաշարժեր:
Գագիկ Ծառուկյանը, Հմայակ Հովհաննիսյանի խոսքով, քաղաքականապես դեռեւս կայացած չէ, իսկ ԲՀԿ-ն ամորֆ քաղաքական միավոր է, բայց 500 հազար ձայն ստացավ խորհրդարանական ընտրություններին, ուստի անհրաժեշտ էր կարեւորել հենց Օսկանյանի ռեալ , գաղափարական առաջնորդության հանգամանքը ԲՀԿ-ում եւ խմբակցությունում:
“Ծառուկյանը չի ընկալվում որպես քաղաքական առաջնորդ, նա ընկալվում է որպես բարեգործ, մինչդեռ Օսկանյանը ունի քաղաքական գործչի բոլոր հատկանիշները: Այս սցենարը չի կարող քաղաքագիտական առումով մոդելավորված չլինել: Այս սցենարը նկատի ունի Օսկանյանին դարձնել միասնական թեկնածու”,-հայտարարեց նա ու հավելեց. “Պետք է ուղտ լինել, չհասկանալու համար, որ դրա արդյունքում Վարդան Օսկանյանը ԲՀԿ-ի լուսանցքում գտնվող ինքնուրույն գործիչից անցում է կատարելու ԲՀԿ-ի փաստացի գաղափարական առաջնորդի դերակատարությանը’’:
Անցնելով Րաֆֆի Հովհաննիսյան-Խաչատուր Քոքոբելյան ճեղքվածքին, ասաց.’’Ամերիկացիների պրոյեկտով ստեղծած “Ազատ դեմոկրատներ” կուսակցության եւ ամերիկյան ուժային կենտրոնների հետ սերտ կապեր ունեցող “Ժառանգության” միջեւ խզումը չէր կարող առաջանալ առանց համապատասխան խրախուսման հենց նույն ԱՄՆ կողմից”: Սրանով, ըստ նրա, ԱՄՆ-ը Րաֆֆի Հովհաննիսյանին փորձում է հասկացնել, որ ինքը պատրաստ չէ այս փուլում գնալու նախագահական ընտրությունների, եւ որ նա պետք է զիջի այլ թեկնածուի, որը արեւմուտքի համար ընդունելի է :
Henaran.am-ի ճշտող հարցին, թե արդյոք բանախոսը վստահ է, որ “Ժառանգությունը” կսատարի Օսկանյանին, Հմայակ Հովհաննիսյանն ասաց. ‘’Մեծ է հավանականությունը, որ ստեղծված պայմաններում Րաֆֆի Հովհաննիսյանը ձեռնպահ կմնա եւ բնականաբար ճանապարհ կբացվի, որ “Ժառանգությունը” միասնական թեկնածուի առաջադրման պայմաններում սատարի Վարդան Օսկանյանին’’:
Հմայակ Հովհաննիսյանի դիտարկմամբ, եթե Օսկանյանի շուրջ չստեղծվեր այս ֆորսմաժորային իրավիճակը, նա ընդդիմության գաղափարական եւ քաղաքական հակասությունների պայմաններում միասնական թեկնածու դառնալու հնարավորություն չէր ունենա: “Մարդկանց բնորոշ է ընկալումը, որ եթե մեկին հետպնդում են, դա իսկական ընդդիմություն է, դա ՀԱԿ-ի ընկալումն է”,-նկատեց Հմայակ Հովհաննիսյանը ու հավելեց.”ՀԱԿ-ը դարձել է իր ձեւակերպման պատանդը եւ այսօր պետք է հաշվի նստի այն իրողության հետ որ Օսկանյանը դարձել է ընդդիմության արեւը”: