ՊԲ-ն լիարժեքորեն տիրապետում է իրավիճակին. Շարմազանով
Այսօր ԱԺ երթական քառօրյայի սկզբում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը խոսեց ղարաբաղաադրբեջանական շփման գծում այս գիշեր տեղի ունեցած ինտենսիվ հրետակոծության մասին:
Հիշեցնենք, այդ հրետակոծության հետևանքով հայկական կողմն ունի երկու զոհ:
«Երեկ երեկոյան և այսօր առավոտյան իրավիճակը լարված է եղել շփման գծում: Ադրբեջանը, նենգորեն խախտելով Մոսկվայում ապրիլի 5-ին ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը կրակի դադարեցման մասին, հրետանու բոլոր հնարավորություններով հրետակոծել է դիրքերն ու բնակավայրները: Ունենք երկու զոհ: Ես զրուցել եմ ԼՂՀ ԱԺ ղեկավարի ու ԼՂՀ կառավարության ղեկավարի հետ. ՊԲ-ն լիարժեքորեն տիրապետում է իրավիճակին: Ներկայումս հարաբերական անդորր է»,- ասաց Շարմազանովը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն իր հերթին նշեց՝ ամենայն հավանականությամբ, այս գիշեր հրետակոծությունն ավելի ինտենսիվ է եղել, քան նախորդ օրերին:
«Երեկ առաջարկեցի բանակցել վարչապետի հետ և քննարկում կազմակերպել: Լարվածության մեծացումը վկայում է, որ իսկապես արժե դա անել: Եղե՞լ է քննարկում վարչապետի հետ»,- հարցրեց պատգամավորը:
Շարմազանովը նշեց, որ ավելի ուշ հստակորեն կպատասխանի այս հարցին: