Ով ուզում է գալիս է, երկիրը թալանում. բոյկոտ եւ թեժ կրքեր Ազգային ժողովում
Այսօր ԱԺ-ում «Հրազդան ցեմենտ» գործարանին հարկային վճարների, սոցիալական ապահովագրության վճարների պարտքերից ազատելու արտոնություն տալու նախագծի քննարկմանը ԲՀԿ, ՕԵԿ, ՀԱԿ պատգամավորները տաքացան: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց.
«Տույժերը հանելը վաճառքի հետ կապ չունի: Վաճառքը կարելի է իրականացնել, տույժերն էլ չհանել: Սա խայտառակություն է: Ինչ որ մեզ ներկայացվում է, սուտ է: Տույժերը պետք է վճարի Միխայիլ Բաղդասարովը: Բաղդասարովը 2003-ին սեփականաշնորհում է Խնայբանկը, 2 տարի հետո ծախում է այդ նույն Խնայբանկը 30 մլն դոլարով ՎՏԲ-ին: Լինելով ՎՏԲ-ի պրեզիդենտը՝ ինքն իրեն վարկ է տալիս ու հետ չի վճարում այդ վարկը: Հիմա դուք էլ պարտակում եք այդ հանցագործությունը»:
«Ով ուզում է գալիս է, երկիրը թալանում է, հետո վեր է կենում, ու ասում՝ ցտեսություն, ես գնացի: Պեղեք, գտեք Բաղդասարովին. թող գա, կրի պատասխանատվություն», – ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ում միացան ՕԵԿ խմբակցության Հեղինե Բիշարյանն ու Ժառանգական Զարուհի Փոստանջյանը:
ՕԵԿ-ը 20 րոպե ընդմիջում խնդրեց: Ընդմիջումից հետո տեղի ունեցավ քվեարկություն, որն, ըստ էության, բավական հետաքրքիր անցավ: Նախագիծը չընդունվեց: Պատգամավորների զգալի մասը նույնիսկ չմասնակցեց քվեարկությանը: Կողմ քվեարկեց 53 պատգամավոր, դեմ՝ 1: Քվեարկությունից հետո նիստերի դահլիճում ծափահարություներ հնչեցին: