Ուղեւորի ձեռքին ռումբ է եղել․ միջազգային զլմ-ները` Երեւանում ավտոբուսի պայթյունից /վիդեո/
Նախօրեին ուշ երեկոյան Երեւանում՝ Հալաբյան փողոցում պայթել է 63 համարի ուղեւորատար ավտոբուսը, ինչի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ կան։
Պայթյունն ակտիվորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցների կողմից։ Միջադեպից հետո շատ արագ ռուսական բոլոր առաջատար կայքերն անդրադարձան պայթյունին, ավելի ուշ սկսեցին տեղեկություններ հրապարակել, որ տեղի ունեցածը, ամենայն հավանականությամբ, ահաբեկչություն է։ Մասնավորապես, ռուսական vesti.ru-ն տեղեկություն էր հրապարակել, որ ուղեւորներից մեկը ռումբը ձեռքին ավտոբուս է անցկացրել։ Կայքը հղում էր արել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին։
ТАСС գործակալությունն էլ նշել է, որ ոստիկանապետը հրաժարվել է օգտագործել «ահաբեկչություն» բառն ու ասել է, որ ամեն ինչ կպարզի քննությունը։
Ռուսական առաջին ալիքը մեջբերել է տուժած դեռահասներից մեկի մորը՝ Նաիրա Սաֆարյանին, ով նշել էր, որ որդին ընկորջ հետ համակարգչային ակումբից էր վերադառնում, երբ տեղի է ունեցել պայթյունը։
Արեւմտյան լրատվամիջոցները նույնպես անդրադարձել են պայթյունին։ BBC-ն եւս նշել է, որ պայթյունի պատճառը ռումբն է եղել ու մեջ է բերել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին։
Ավտոբուսի պայթյունին անդրադարձել են նաեւ ադրբեջանական եւ թուրքական լրատվամիջոցները։ Ադրբեջանական ԶԼՄ-ները հիմնականում առաջ են տարել Երեւանում տեղի ունեցած ահաբեկչության հավանականության վարկածները եւ նշել, որ Երեւանում ուժեղացվել է ոստիկանական հսկողությունը:
Իսկ ահա թուրքական լրատվամիջոցները հիմնականում պաշտոնական տեղեկատվություն են տվել՝ նշելով, որ առայժմ ոչինչ պարզ չէ, եւ ահաբեկչության վարկածի մասին որեւէ ենթադրություն չեն արել։