15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բզբզելու ճիշտ ժամանակն է. Առավոտ

Առաջին նախագահը եւ նրա կողմնակիցները գտնում են, որ հիմա այն պահը չէ, երբ պետք է ներքին քաղաքական պայքար «բզբզել», քանի որ բոլոր ուժերը պետք է համախմբել՝ արտաքին թշնամուն դիմադրելու համար: Երկրորդ նախագահը եւ նրա կողմնակիցները, հակառակը՝ կարծում են, որ հիմա հենց «բզբզելու» ճիշտ ժամանակն է, եւ գուցե դրա արդյունքում հաջողվի ապակայունացնել ներքին քաղաքական իրավիճակը եւ իշխանություն վերցնել:

Ընդ որում՝ խոսվում է իրականում գոյություն ունեցող արատների մասին, որոնք իսկապես սպառնում են Հայաստանի եւ Արցախի անվտանգությանը: Թեեւ առաջին տեսակետն ինձ ավելի հոգեհարազատ է, բայց ինձ թվում է՝ երկուսն էլ գոյության իրավունք ունեն: Իշխանության համար պայքարելը դատապարտելի չէ, իսկ թե ով ինչ մեթոդներով է դա անում՝ իրենց գործն է, ես ոչ մեկի դատավորը չեմ: Մեր երիտասարդները բողոքի ցույցեր են կազմակերպում Ռուսաստանի ներկայիս քաղաքականության դեմ: Պատերազմն իսկապես ավելի ցցուն է դարձրել ոչ միայն մեր ներքին արատները, այլեւ Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասում: Դա դասական կայսերական քաղաքականություն է՝ պատերազմների եւ արյան միջոցով ժողովուրդներին կախման մեջ պահելու:

Բայց բողոքի ցույցերով այդ քաղաքականությունն, ինձ թվում է, չի փոխվի: Հայաստանի քաղաքացիները պետք է խնդիրներ դնեն Հայաստանի իշխանությունների առաջ, եւ հայ-ռուսական հարաբերությունների մասով մենք իսկապես հարցեր ունենք տալու մեր իշխանություններին: Մյուս կողմից՝ Պուտինի երկրպագուները, որոնք, իմ տպավորությամբ, Հայաստանում ապրիլի ընթացքում զգալիորեն քչացել են, կարծում են, որ ցույցերը կազմակերպում են Օբաման, Սորոսը, հուդա-մասոնները եւ այլ «վատ մարդիկ»: Նրանք էլ իրավունք ունեն այդպիսի կարծիք արտահայտելու: Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի այցելությունը Երեւան նույնպես տրամագծորեն հակառակ կարծիքների տեղիք տվեց: Իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ դա մեր դիվանագիտության հերթական փայլուն հաղթանակն էր, ընդդիմության համակիրներն էլ կարծում են, որ դա «խայտառակություն» էր եւ «սկանդալ»:

Ամեն մեկն իր շահագրգռվածությունն ունի՝ այսպես կամ այնպես ասելու: Իմ կարծիքով՝ կյանքում շատ քիչ բան կա, որին մենք կարող ենք կպցնել «փայլուն» կամ «խայտառակ» մակդիրները: Իրականության եւ հատկապես դիվանագիտության մեջ բոլոր երեւույթներն ունեն որոշ քանակությամբ եւ որոշ հարաբերակցությամբ «պլյուսներ» եւ «մինուսներ»: Բայց թող մեկն, իր շահերից ելնելով, տեսնի միայն «պլյուսները», իսկ մյուսը՝ միայն «մինուսները»: Դրան էլ է պետք հանգիստ վերաբերվել: Ինչն իմ կարծիքով անընդունելի է եւ դատապարտելի՝ մարտական գործողությունների մասին սուտ, հաճախ՝ հակառակորդի կողմից միտումնավոր ասպարեզ նետվող լուրերի տարածումն է: Ես չեմ կարծում, որ նման լուրեր տարածողները թշնամի են կամ հակառակորդի գործակալներ: Այստեղ կարող է լինել երեք տեսակի դրդապատճառ.

1) «քլիքներ» եւ «լայքեր» հավաքելը, 2) «ընդդիմադիր» երեւալը, 3) քաղաքական խնդիրներ լուծելը: Բայց եթե պետություն գոյություն չունենա, ի՞նչ քաղաքական խնդիր:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ