Տաքսի ծառայության ոլորտում փոփոխությունների հարցը
Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն այսօր “Հենարան” մամուլի ակումբում հայտնեց, որ կառավարությունում ստեղծվել է ստորաբաժանում, որը պետք է զբաղվի ենթաօրենսդրական ակտերի փոփոխություններով:
“Այդ ստորաբաժանումն առաջարկել է տաքսի ծառայության ոլորտում կատարել մի քանի փոփոխություն: Դրված է հարց հանել ամենօրյա բուժզննումը, դեղին համարանիշերը փոխարինել ապակու վրա փակցված նշանով և ամենօրյա տեխզննման վերացում”:
Մինչդեռ առողջապահության նախարարությունը կտրուկ դեմ է սրան: “Մենք առաջարկում ենք 15 օրը մեկ անցնել բուժզննում,որը կարող է լուծում լինել և չմնա միայն թղթի վրա”:
Անդրադառնալով ավտոմեքենայի տեխզննման խնդրին` Սպառողների միության նախագահը ներկայացրեց իրենց առաջարկը` տեխզննումը դարձնել երեք օրը մեկ անգամ:
Դեղին համարանիշերի հանման վերաբրեյալ պարոն Պողոսյանը նշեց, որ խնդիրը դրանով ավելի կբարդանա, քանի որ կկերակրվեն անօրինական գործունեություն տանող վարորդները,և կբարդանա վերահսկողությունը:
Նա առաջարկեց 17 հազարը դրամը, որը համարանիշը հանելու համար գանձվում է, դարձնել 2.5 հազար դրամ, որով սպիտակ համարանիշերով աշխատող անձինք կշահագրգռվեն` իրենց գործունեությունը փոխադրելով օրինական դաշտ:
Հանդիպմանը ներկա էր նաև “Քաղաքացիական դիրքորոշում” ՀԿ նախագահ Գևորգ Դոստուրյանը: Նրա համոզմամբ` դեղին համարանիշերի վերացումը դժգոհություն է առաջացնում վարորդների մոտ, քանի որ ոլորտի մոտ 70%-ը արդեն դեղին համարանիշեր ունի :
“Մյուս կողմից հեշտ կլինի կեղծելը այդ նոր նշանը, որ պետք է փակցվի մեքենայի ապակուն: Դա ևս խնդիր է առաջացնում”: