Այս մեկը Դավիթ Հարությունյանին դուր եկավ
Ինչպես հայտնել ենք, ԱԺ-ում այսօր սկսվել են «Ընտրական օրենսգրքի» նախագծի քննարկումները: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ներկայացրենելով նախագծի վերջնական տարբերակը, ընդգծեց՝ իշխանությունն ուսումնասիրել է ընդդիմության կողմից առաջարկված բոլոր դիտարկումները:
Դավիթ Հարությունյանը շեշտեց՝ եթե ընդունեն մատների թանաքոտման տարբերակը, դա, այսպես թե այնպես, արդյունավետ չի լինի: Պնդումը փաստելու համար հիշեց Վրաստանի օրինակը:
«Վրաստանում էլ մի շարք խնդիրներ առաջացան: Այնտեղ բողոքեցին, որ ուլտրամանուշակագույն լույսի փոխարեն սովորական լամպ է դրված եղել, անգույն թանաքի տեղն էլ ջուր է լցված եղել, թանաքի բաղադրությունը փոխել են եւ շուտ ցնդվող թանաք են դրել»:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը շեշտեց՝ ի սկզբանե ակնհայտ էր՝ «4+4+4» ձեւաչափում կոնսեսուս չէր լինելու:
«Ի՞նչն է մեզ խանգարում տեղամասում նկարահանել ընտրական գործընթացը: Եկե՛ք միասնական լինենք գոնե այս հարցում, եկե՛ք դիմենք դոնոր կազմակերպություններին»:
Դավիթ Հարությունյանն, անդրադառնալով Զոհրաբյանի դիտարկմանը, ասաց. «Շատ լավ առաջարկություն էր: Առաջարկում եմ, որ ձեւակերպեք դա գրավոր կերպով, մենք կմիանանք»: