«ԵՏՄ նիստն ու նոտան». Հայկական ժամանակ
«Հայկական ժամանակ»-ը «ԵՏՄ նիստն ու նոտան» ենթավերնագրի ներքո գրում է. «Հայտնի դարձավ այն «գինը», կամ դրա մի մասը, որ ռուսական կողմը վճարեց ապրիլի 13-ին Մոսկվայում ԵՏՄ նիստին ՀՀ մասնակցության դիմաց: Սերգեյ Լավրովի Երևան ժամանելու օրը ՌԴ ԱԳՆ-ն ԼՂ հակամարտությանը նվիրված մեկնաբանություն հրապարակեց: «Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացման համատեքստում ռուսաստանյան կողմը հստակ ելնում է այն բանից, որ 1994թ. Հրադադարի մասին համաձայնագիրը, ինչպես նաև որպես լրացում ընդունած 1995թ. Ղարաբաղյան հակամարտության հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնագիրը անժամկետ բնույթ են կրում և շարունակում են հակամարտության գոտում հրադադարի հիմք հանդիսանալ: Դա սկզբունքային դիրքորոշում է, որը լիովին համապատասխանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ընդհանուր մոտեցմանը և ներկայացվել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչության նոտայում, որը ընթացիկ տարվա ապրիլի 12-ին փոխանցվել է ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությանը»,- նշված է մեկնաբանության մեջ:
Կցված է նաև համապատասխան փաստաթուղթը՝ ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչության պաշտոնական նոտան: Սա աննախադեպ փաստաթուղթ է, ԼՂ հակամարտության ողջ պատմության ընթացքում միակը, որ հասցեական ուղղված է Ադրբեջանին և փաստացի արձանագրումն է այն բանի, որ Ադրբեջանն է խախտում հրադադարի ռեժիմը: Թերթը գրում է, որ Դմիտրի Մեդվեդևի երևանյան այցը հարթ չանցավ: Սերժ Սարգսյանը բավական կոշտ հայտարարություններ արեց ՌԴ վարչապետի հետ հանդիպման ժամանակ այն աստիճան, որ ռուսական կողմը դրանք խմբագրած տեղադրեց կառավարության կայքում:
Ըստ որոշ գնահատականների Սարգսյանն ակնարկեց, որ ՀՀ-ն ՌԴ-ից ակնկալում է պատերազմական գործողություններ սկսելու համար Ադրբեջանին ուղղված հասցեական հայտարարություն, ինչպես նաև՝ Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի դադարեցման ուղղությամբ գործնական քայլեր:
մանրամասները՝ թերթի այսօրվա համարում