«Դա ակնհայտ ահաբեկչություն է».Կիպրոսի պատգամավորն Ադրբեջանի գործողությունների մասին
Ապրիլի 23-ին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ-ում Կիպրոսի պատվիրակության ղեկավար Սոֆոկլիս Ֆիտիսը եւ Հունաստանի խորհրդարանի պատգամավոր, Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Անտոնիս Բալոմենակիսն այցելել են Եռաբլուր պանթեոն: Նրանց ուղեկցել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել ապրիլի սկզբում Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի զոհերի հիշատակին:
Անտոնիս Բալոմենակիսը, ծանոթանալով Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի մանրամասներին, նշել է, որ յուրաքանչյուր ռազմական գործողություն, որն անցնում է միջազգային իրավունքի սահմանները, բարբարոսություն է եւ դատապարտելի է:
Սոֆոկլիս Ֆիտիսը լրագրողներին տված հարցազրույցում նշել է. «Մենք եւ հայերն ունենք ընդհանուր պատմություն եւ դարերի խորքից եկած ընդհանուր թշնամի՝ Թուրքիան: Մենք ունենք շատ վատ հարեւան, բայց պետք է ջանքեր գործադրենք՝ հաղթահարելու բոլոր դժվարությունները եւ շենացնելու մեր հայրենիքը»:
Խոսելով Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության նկատմամբ իրականացված անմարդկային գործողությունների եւ խոշտանգումների մասին՝ պարոն Ֆիտիսը նշել է, որ դա ցեղասպան քաղաքականություն է եւ ակնհայտ ահաբեկչություն:
«Ինչպես գիտեք, Կիպրոսի Հանրապետությունը պաշտոնապես հայտարարել է, որ դատապարտում է Ադրբեջանին եւ կոչ է արել միջազգային հանրությանը՝ իր նպաստը բերելու այդ հարցի կարգավորմանը»,- ասել է կիպրացի պատգամավորը: