Լեռնային Ղարաբաղը ինքնորոշման իրավունք ունի.Ջեֆրի Ռոբերթսոն
Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) չորեքշաբթի Լոս Անջելեսի Համալսարանական ավանում կազմակերպել էր Մեծ Բրիտանիայի՝ մարդու իրավունքների հարցերով առաջատար իրավաբան, իրավապաշտպան եւ գրող Ջեֆրի Ռոբերթսոնի «Անհարմար ցեղասպանություն. Ո՞վ է հիմա հիշում հայերին» գրքի շնորհանդեսը:
«Ամերիկայի հայկական համագումարը հպարտ է, որ միջազգային մարդու իրավունքների ոլորտի առաջատար մասնագետներից մեկին հնարավորություն ընձեռեց մեզ ներկայացնել այն բացահայտումները, որոնք արել է, երբ ուսումնասիրում էր պատմությունը, որպեսզի գտնի Հայոց ցեղասպանության անժխտելի փաստերը»,- ասել է Համագումարի հոգեբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանը:
Միջոցառման ընթացքում Բարսամյանն անդրադարձել է Վաշինգթոնում Համագումարի աշխատանքներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշման իրավունքին եւ այդ տարածաշրջանում Թուրքիայի անպատասխանատու գործողություններին՝ իր խոսքն ուղղելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին.
«Պարոն Էրդողա՛ն, բավակա՛ն է սպանեք ձեր սեփական ժողովրդին: Բավակա՛ն է սպանեք քուրդ բնակչությանը: Բավական է սպանեք այդ տարածաշրջանում ապրող քրիստոնյաներին եւ բավակա՛ն է աջակցեք արցախահայերի նկատմամբ բռնություններին»,- ասել է Բարսամյանը իր ելույթի ժամանակ:
Համագումարի համանախագահը ներկայացրել է Ռոբերթսոնին, որն իր ելույթում անդրադարձել է իր գրքի վերջին հրատարակությանը: «Անհարմար ցեղասպանություն. Ո՞վ է հիմա հիշում հայերի մասին» գիրքն առաջին անգամ տպագրվել է 2014-ին, որից հետո վերահրատարակվել է 2015-ին, որպեսզի արտացոլի նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները եւ դրանց շրջանակում հայ համայնքի ձեռքբերումներն ու հաջողությունները: Նա ողջունել է ամերիկահայ համայնքի ջանքերը՝ Հայոց ցեղասպանությունն ընդգրկել դպրոցական դասագրքերում:
«Մինչեւ մենք չիմանանք Հայոց ցեղասպանության պատմությունը, մենք չենք հասկանա Հոլոքոստը ու դրան հաջորդած մյուս ցեղասպանությունները»,- բացատրել է Ռոբերթսոնը:
Ռոբերթսոնը նաեւ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների իրավունքներին ու ասել, որ ինքը հավատում է՝ «անկախությունը հնարավոր է»:
«Ամբողջ աշխարհի հայերը երախտապարտ են պարոն Ռոբերթսոնին, որ Թուրքիայի ու Ադրբեջանի ժխտողական ու խեղաթյուրող քաղաքականությանն ընդդեմ ճշմատությունն ասելու համարձակություն ունի, ընդ որում ոչ միայն Հայոց ցեղասպանության եւ հայ ժողովրդի իրավունքների վերականգնման հարցերի, այլեւ հերոսական ու արժանապատիվ արցախահայերի ինքնորոշման ու մարդու հիմնարար իրավունքների անխախտելիության թեմաներով»,- ասել է Համագումարի արեւելյան ռեգիոնալ գրասենյակի տնօրեն Միհրան Թումայանը:
«Մեզ համար պատիվ էր հյուրընկալել Պարոն Ռոբերթսոնին ու ոչ միայն լսել նրա խոսքն իր հեղինակած գրքի մասին, այլեւ նրա մտքերն ու վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղում ընթացքող հակամարտության վերաբերյալ, ինչը մեր համայնքի մտահոգության թեման է»,- հավելել է Արեւելյան ռեգիոնալ գրասենյակի մենեջեր ու համայնքի հետ հարաբերությունների համակարգող Ալինե Մակսուդյանը:
Միջոցառման հատուկ հյուրերից էին հանրահայտ դիզայներ Միքայել Արամը,Լոս Անջելեսում ՀՀ պատվավոր հյուպատոս Վալերի Մկրտումյանը, «Ճանաչենք ինքներս մեզ ու մեր պատմությունը» լոսանջելեսյան գրասենյակի տնօրեն Լիզ Ֆոգելը, Խորհրդատուների խորհրդի անդամ Չառլեն Աչքի Ռեփկոն եւ կոնգրեսական Ադամ Շիֆը: