Ցանկացած հանցագործության դատապարտում ենթադրում է փոխհատուցում. Սերժ Սարգսյան
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ առաջին ֆորումն առիթ դարձավ, որ աշխարհը խոսի մարդածին ամենամեծ չարիքի, ցեղասպանության մասին: Այս մասին, այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ երկրորդ ֆորումի ընթացքում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահն ընդգծեց՝ հայ ժողովուրդը վերաիմաստավորեց՝ պայքար մղելով մեր ժողովրդի իրավունքի եւ պատմական արդարության հաստատման համար:
«Մենք դա խորհրդանշեցինք ոչ թե սգով, այլ աշխարհին ուղղված շնորհակալության եւ վերածննդի ուղերձներով: Մեր պատկերացումը հստակ է. պետք է Ցեղասպանության անթույլատրելիության մասին բացարձակ գիտակցություն ձեւավորել: 2015-ն այս առումով կարեւոր էր. շատ երկրների ղեկավարներ, խորհրդարաններ, ականավոր անհատներ իրենց համերաշխությունը հայտնեցին ցեղասպանությունների դեմ մեր ընդհանուր պայքարին՝ ճանաչելով ու դատապարտելով Հայոց ցեղասպանությունը:
Մենք փոխկապակցված ենք, մեկի հաջողությունը բերում է մյուսի հաջողությանը: Որեւէ մեկս չենք կարող ապահովագրված զգալ այն սարաափներից, որ ապրել են մեր նախնիները 20-րդ դարում: Եթե այսօր իսկ որոշում չընդունենք, չասեն՝ այլեւս երբեք, մենք վճարելու ենք դրա համար»,-ասաց Սերժ Սարգսյանը:
Նախագահն ընդգծեց, որ ցեղասպանություններից փրիկվածները կենդանի վկաներ են, վերջիններս ապացուցում են՝ ցեղասպան մտածողություն ունեցողները չեն հաղթել:
«Այսօր էլ մարդկությունը մարդկայնության պակասի կարիք ունի: Դրա վկայությունն է ցեղասպանության ժխտողականության ալիքը, որն ամենամեծ հարվածն է ցեղասպանությունը վերապրածների համար: Անուղղակիորեն չեմ բացառում հնարավորությունների առկայության պայմաններում նույն հանցանքը կրկնելու հավանականությունը»,-ասաց նախագահը:
Սերժ Սարգսյանը հիշեցրեց՝ ցանկացած հանցագործության դատապարտումը ենթադրում է փոխհատուցում. պետք է ապահովել անհրաժեշտ մեխանիզմներ, որոնք թույլ կտան ոչ միայն ճանաչել այդ իրավունքը այլ նաեւ իրականացնել այն:
«Ի՞նչ պատասխանատվություն են կրում պետությունները համանման հանցագործությունները խրախուսելու համար: Ի՞նչ կասեք մի երկրի մասին, որը լինելով միջազգային իրավունքի սուբյեկտ, ՄԱԿ-ի անդամ, մարդասիրական կոնվենցիաների ստորագրող կողմ, իր ձեռագրով չի զիջում միջազգային ահաբեկիչներին: Մի քանի օր առաջ ադրբեջանցի զինվորները չբավարարվեցին միայն կրակելով, նրանք անդամախեղեցին տարեց մարդկանց, հայ զինվորին, կտրեցին նրանց գլուխներն ու ականջները՝ սոցցանցերում հերոսության դրսեւորում որպես այն ցուցադրելով, եւ այս ամենը Ադրբեջանի իշխանությունների բացահայտ խրախուսմամբ: Տարօրինակ չէ՞ արդյոք, որ քաղաքակրթական բոլոր նորմերը ոտնահարող երկիրը հյուրընկալում է քաղաքակրթությունների դաշինք խորագրով համաժողովը»,-ընդգծել է ՀՀ նախագահը՝ հավելելով, որ միջազգային հանրությունը պետք է վճռականորեն արմատախիլ անի ցեղասպանածին դրսեւորումները, որտեղ էլ դրանք դրսեւորվեն»,- շեշտեց նախագահը: