ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալ է հանձնել Սերգեյ Պոտապկինին
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱԺ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը ապրիլի 22-ին ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով պարգեւատրել է Լատվիայի խորհրդարանի պատգամավոր, Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինին:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել լատիշ խորհրդարանականի ներդրումը հայ-լատվիական կապերի ամրապնդման եւ սերտացման գործում: ԱԺ փոխնախագահը կարեւորել է Սերգեյ Պոտապկինի ղեկավարությամբ գործող Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի աշխատանքը եւ խմբի հայտարարությունը, որով նա 2015 թվականին դատապարտել է 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը՝ չնայելով այն հանգամանքին, որ Լատվիան դեռեւս չի ճանաչել այն: Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել նաեւ Սերգեյ Պոտապկինի քաղաքացիական խիզախությունը, ով հայ ժողովրդի համար այս ծանր օրերին այստեղ էր՝ Հայաստանում, ինչպես նաեւ Արցախում՝ եղբայր ժողովրդի կողքին: ԱԺ փոխնախագահի խոսքով, լատիշ պատգամավորի այցը Լեռնային Ղարաբաղ ցույց է տալիս, որ Արցախի ժողովուրդն իր պայքարում միայնակ չէ: Էդուարդ Շարմազանովը երախտագիտություն է հայտնել Սերգեյ Պոտապկինին՝ Հայաստան եւ Արցախ, Եռաբլուր պանթեոն այցելելու եւ խնդրի վերաբերյալ իրական տեղեկությունները եվրոպացի գործընկերներին հասցնելու պատրաստակամության համար:
Սերգեյ Պոտապկինը շնորհակալություն է հայտնել իր գործունեությունը գնահատելու եւ նման բարձր պարգեւի արժանանալու համար: «Հայ ժողովուրդը շատ ուժեղ է, եւ այն փորձությունները, որոնց միջով անցել է նա, միայն ուժեղացրել են նրան: Մաղթում եմ, որ այսուհետեւ հայ ժողովուրդը միայն բարգավաճի եւ վերջ դրվի պատմական անարդարություններին»,-ասել է պարոն Պոտապկինը:
Նա նաեւ տեղեկացրել է, որ մասնակցելու է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովին, որը տեղի է ունենալու ապրիլի 23-ին: