Թքած ունի
Գյումրիում` 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում, շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը:
Այսօրվա նիստում դատարանը շարունակում է ուսումնասիրել Պերմյակովի նախաքննական ցուցմունքները:
Ցուցմունքներից մեկի համաձայն Պերմյակովը խնդիրներ չի ունեցել ռազմաբազայում` ոչ հրամանատարների, ոչ զինվորների հետ, խնդիր չի եղել նաև տանը, բնակության վայրում:
Ծառայության վայրը լքելու միակ պատճառը եղել է կարոտը: Զենքն իր հետ վերցնելով` Պերմյակովը նպատակ է ունեցել հագուստ ու որոշակի գումար ձեռք բերել: Իր մտադրության մասին որևէ մեկին չի տեղեկացրել: Քննիչների այն հարցին, թե Պերմյակովը տեղյա՞կ է Հայաստանի և Ռուսաստանի հեռավորության մասին, Պերմյակովը նշել է, որ տեղյակ է, իսկ հասնել մտադիր էր որևէ բեռնափոխադրամիջոցի օգնությամբ:
Հարցին, թե Գյումրիում ինչպես է քայլել ինքնաձիգը ձեռքին, Պերմյակովը պատասխանել է, որ այն թաքցրել է ձմեռային բաճկոնի տակ:
Հարցին, թե ինչո՞ւ է հանցանքը կատարելուց հետո դեպքի վայրում թողել զենքը, սաղավարտը, հագուստը, Պերմյակովը նշել է, որ ծանր էին:
Ի դեպ , Վ.Պերմյակովը նաև նշել է, որ մինչև Ավետիսյանների բնակարան մտնելը մոտ հինգ րոպե ուժեղ թակել է դուռը, բայց երբ արձագանք չի եղել, իր մոտ եղած դանակի օգնությամբ պատուհանի ապակին հանել ու ներս է մտել:
Քննիչների այն հարցին, թե ինչու այդ արարքից հետո մեղայականով չի ներկայացել, Պերմյակովը նշել է, որ վախեցել է քրեական պատասխանատվությունից:
Հերթական հարցաքննության ժամանակ, երբ քննիչը նշել է, որ Պերմյակովի պատմածն ու վարքը չի համապատասխանում իրականությանը,Պերմյակովը նշել է. «Թքած ունեմ ձեր կարծիքի վրա»: