Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի “Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոն” պետական հիմնարկի կողմից մշակվել եւ շրջանառության մեջ են դրվել Հայաստանի Հանրապետության օրենքների եւ կառավարության որոշումների նախագծեր, որոնց նպատակը մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների եւ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներով ուղեւորների կանոնավոր փոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգը հեշտացնելն ու լիցենզիա ստանալու գործընթացը պարզեցնելն է:
Հաշվի առնելով կատարվող փոփոխությունների նպատակը եւ առաջնորդվելով գործընթացն առավել պարզեցնելու անհրաժեշտությամբ` Ճանապարհային ոստիկանությունն առաջարկել է հանել մարդատար տաքսի ավտոմոբիլներին դեղին հիմագույնի համարանիշեր եւ հաշվառման կտրոն հատկացնելու վերաբերյալ դրույթները, իսկ փոխարենը նախատեսել վերահսկողությունը հատուկ պաշտպանվածություն ունեցող կպչուն կտրոնի (տեխնիկական զննության եւ ԱՊՊԱ կտրոնի նմանությամբ) միջոցով իրականացնելու եղանակը, որը կհատկացվի լիցենզիայի եւ ներդիրի հետ միաժամանակ ու կփակցվի ավտոմոբիլի հետեւի հողմապակուն:
Այդ պարագայում յուրաքանչյուր ավտոմոբիլի համար 17.000 (12.000 դրամ համարանիշերի հատկացման պետական տուրք եւ 5.000 դրամ հաշվառման գործողության համար վճար) դրամով կնվազի լիցենզավորման գործընթացի վրա ծախսվող գումարը, եւ բացի այդ, բավականին կկրճատվի լիցենզավորման գործընթացի ժամկետը:
Բացի այդ, տվյալ գործունեությամբ զբաղվելու ցանկություն ունեցող ֆիզիկական անձինք եւ կազմակերպություններն այլեւս պարտականություն չեն ունենա մեկ գործունեության համար դիմելու երկու պետական մարմնի, մասնավորապես՝ Ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումներին:
Ինչ վերաբերում է դեղին հիմնագույնի համարանիշերը սպիտակ հիմնագույնի համարանիշերով փոխանակելու ժամանակ առաջացող ֆինանսական ծախսերին, ապա հարկ ենք համարում նշել, որ դեղին հիմնագույնի համարանիշերի հատկացման ժամանակ ի պահ հանձնված տվյալ ավտոմոբիլների սպիտակ հիմնագույնի համարանիշերը վերադարձվելու են անվճար:
Երեւան քաղաքում տեղադրվել են Ճանապարհային երթեւեկության կանոններով սահմանված առավելագույն արագությունից ավելի թույլատրելի արագություն սահմանող նշաններ
Բազմաթիվ քաղաքացիների, պատգամավորների եւ հասարակական կազմակերպությունների առաջարկություններով` ճանապարհային ոստիկանությունը կրկին ուսումնասիրություններ է կատարել, եւ հաշվի առնելով ճանապարհի թողունակությունը, երթեւեկության ինտենսիվությունը եւ անվտանգության ապահովման պայմանները` Երեւան քաղաքում, արագաչափ սարքերի տեղադրման երկու ճանապարհահատվածներում, տեղադրվել են Ճանապարհային երթեւեկության կանոններով սահմանված առավելագույն արագությունից ավելի թույլատրելի արագություն սահմանող նշաններ: Մասնավորապես. Աշտարակի խճուղում՝ դեպի Աշտարակ քաղաք ուղղությամբ, տեղադրվել է 80 կմ/ժ, իսկ Նուբարաշենի խճուղում` 70 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագության սահմանափակման նշաններ (նախկինում երկու տեղում էլ՝ 60 կմ/ժ):
Ճանապարհային ոստիկանությունը մեկ անգամ եւս հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները եւ երթեւեկել թույլատրելի առավելագույն արագությունը չգերազանցող արագությամբ:
Ճանապարհային ոստիկանություն