Ադրբեջա՞նն էլ ԵՏՄ անդամ կդառնա
‹‹Տարբեր հրապարակումներում տարբեր բաներ են գրվում, տարբեր որոշումներ են կայացվում: Ես չեմ կարծում, որ ‹‹Իզվեստիա››-ներում կամ այլ տեղերում հրապարակվող նյութերը կոնկրետ այն փաստաթղթերին են վերաբերում, որոնք իսկապես կան բանակցային սեղանի վրա››, – անդրադառնալով ռուսական մամուլում հրապարակվող նյութերին՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Քաղաքագետն ընդգծեց՝ տարածքների վերադարձին կամ Արցախի կարգավիճակի հստակեցմանը վերաբերող հարցերը ներառված են տարբեր փաստաթղթերում.
‹‹Մադրիդյան սկզբունքներ, Կազանի փաստաթուղթ կամ այլ փաստաթղթեր … դրանք ներառում են տարածքների վերադարձին, Արցախի կարգավիճակի որոշմանը վերաբերող հարցեր: Վերոնշյալ փաստաթղթերում այս էլեմենտները կան: Չմտածեք, որ եթե ‹‹Իզվեստիա››-ն այդպիսի բաներ է գրել, կարգավիճակի հարց չի որոշվի կամ հայկական կողմը չի կարողանա դեմ գնալ որոշ դրույթների››, – ասաց քաղաքագետը: Որքանով է հավանական Ադրբեջանի ԵՏՄ-ին անդամակցությունը. ‹‹Տեսականորեն, կարող եմ ասել՝ քաղաքականության մեջ ամեն ինչ հնրարավոր է››:
Տեղեկություններ են տարածվում նաև այն մասին, որ Ռուսաստանն ուզում է սիրաշահել Ադրբեջանին, Արցախից տարածքներ վերադարձնել այդ երկրին, որպեսզի Ադրբեջանը ԵՏՄ անդամ դառնա: Այս մասին հարց ուղղեցինք քաղաքագետին: Վերջինս ասաց՝ պետք չէ մեկնաբանել ամեն տեղեկատվություն, մանավանդ, եթե այն հավաստի աղբյուրներից չի սկիզբ առնում:
‹‹Լավրովի՝ Հայաստան այցելելու մասին էլ պիտի ասեմ՝ բանակցային դաշտում կարող ենք հույս ունենալ, որ փոփոխություններ լինեն իրավիճակի կարգավորման հարցում, էսկալացիան էլ նվազի››, – ասաց քաղաքագետը: