Շարմազանովի բարի խորհուրդը. Առավոտ
“Մեր հասարակությունը ակտիվ, գործող, կրեատիվ ուժերի կողմնակից է, ոչ թե բոյկոտող:Բոյկոտը քաղաքական պայքարի ձեւ է, պասիվ պայքարի ձեւ եւ յուրաքանչյուր ուժ ինքը պետք է որոշի՝ ինչպե՞ս է պայքարում: Մեր նորագույն պատմությունը եւ պառլամենտարիզմի պատմությունը տեսել են նման մի քանի օրինակներ: 2003-ին “Արդարություն” դաշինքը շուրջ մեկ տարի բոյկոտեց, այնուհետեւ այդ դաշինքի մասին ոչ ոք չէր հիշում, չորրորդ գումարման խորհրդարանում մի փուլ եղավ, երբ “Ժառանգությունը” բոյկոտեց խորհրդարանի աշխատանքները, այս ընթացքում կարճ բոյկոտ արեց ԲՀԿ-ն: Իմ բարի խորհուրդը՝ ընդդիմադիրներին. մի բան պարզ է, պատմությունը ցույց տվեց, որ քաղաքական բոյկոտից տուժում են առավելապես նրանք, ովքեր իրականացնում են այդ տարբերակը: Մեր հասարակությունը ակտիվ, գործող, կրեատիվ ուժերի կողմնակից է, ոչ թե բոյկոտող”,- թերթի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Այն հարցին՝ եթե խորհրդարանական ընդդիմությունն իր համերաշխությունը հայտնելով Ազատության հրապարակում հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանին եւ նրա գլխավորած շարժմանը, վայր դնի մանդատները կամ բոյկոտի խորհրդարանի աշխատանքները՝ ՀՀԿ-ական մեծամասնությանը դա չի՞ անհանգստացնի, Շարմազանովն ասաց. “Անհանգստացնելը քաղաքական կատեգորիա չի”:
“Ամեն ինչ պետք է լինի Սահմանադրական եւ իրավական: Այսօր Սահմանադրությունը մեզ ոչ մի հնարավորություն չի տալիս արտահերթ ընտրությունների գնալու”,- պնդեց ՀՀ ԱԺ փոխխոսնակը՝ ըստ էության բացառելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների որեւէ հավանականություն: