15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Միանվագ գումար, կենսաթոշակ եւ պարգեւավճարներ՝ զոհված զինծառայողներին պետական աջակցությունը

Բանակը պետական կառույց է եւ դրա հոգսերը պետք է նախեւառաջ հոգա պետությունը: Սակայն, բանակի հոգսերը միայն պետության հոգսերը չեն, հատկապես Հայաստանի դեպքում, երբ բանակի հզորությունից է կախված պետության եւ ազգի լինել-չլինելը: Այս առումով, բնական է այն մեծ ուշադրությունն ու հոգատարությունը, որն այս օրերին դրսեւորվեց բանակի եւ զինծառայողների նկատմամբ ամբողջ բնակչության  կողմից: Դա վերաբերվում է նաեւ զոհված զինվորների եւ սպաների ընտանիքներին աջակցություն տրամադրելու անհատների եւ կազմակերպությունների նախաձեռնություններին: Սակայն, ոչ մի միանվագ աջակցություն չի կարող փոխարինել մշտական ֆինանսական աջակցությանը, որն ապահովում է պետության կողմից:

Նախ՝ պետությունը տալիս է միանվագ գումար: Մարտական հերթապահություն, հատուկ առաջադրանք և ծառայական պարտքը կատարելու ժամանակ զինծառայողի զոհվելու դեպքում նրա ընտանիքին միանվագ ապահովագրական չափը կազմում է 2 մլն դրամ: Միայն ծառայողական պարտականություններ կատարելիս զինծառայողի զոհվելու դեպքում ընտանիքի անդամներին միանվագ վճարվող գումարը 1 մլն դրամ է: Դա տեղի է ունենում օրենսդրության համաձայն սահմանված պարտադիր պետական ապահովագրության համաձայն, որը տարածվում է զինծառայողների ծառայողական պարտականությունները մարտական հերթապահություն և հատուկ առաջադրանք կատարելու և ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհվելու, մահանալու դեպքերում:

Դրանից բացի պետության կողմից, օրենքով սահմանված կարգով, զոհված, մահացած զինծառայողների ընտանիքի անդամներին տրամադրվում է 700 հազար դրամ զոհված զինծառայողի հուղարկավորության ծախսերի, 1 մլն 400 հազար դրամ գերեզմանի բարեկարգման, տապանաքարի պատրաստման և տեղադրման ծախսերի փոխհատուցման համար:

Զոհված, մահացած զինծառայողի ընտանիքի անդամի ամուսնության դեպքում, տարերային աղետի հետևանքով ընտանիքի անդամի սեփականության իրավունքով պատկանող գույքի վնաս պատճառելու, ընտանիքի անդամի երկարատև հիվանդության, ինչպես նաև ընտանիքի անդամի մահվան դեպքում պետության կողմից տարեկան մեկ անգամ էլ 100 հազար դրամ օգնություն է տրամադրվում: Այս կարգը գործում է նաեւ հաշմանդամ զինծառայողի ընտանիքի դեպքում:

Հաշմանդամ դարձած զինծառայողների համար նույնպես գործում է պետական ապահովագրության համակարգ: 1-ին խմբի հաշմանդամներին տրամադրվում է 500 հազար դրամի չափով միանվագ ապահովագրական գումար, 2-րդ խմբին՝ 400 հազար, 3-րդ խմբին՝ 300 հազար դրամ գումար:

Կերակրողին կորցնելու դեպքում ընտանիքի անդամներին նշանակվում է կենսաթոշակ, օգտվում են անվճար բուժսպասարկման իրավունքից, նաև զոհված զինծառայողների երեխաներին պետությունը երաշխավորում է մրցույթից դուրս ուսուցում պետական բուհերում:

Ինչ վերաբերվում ամենամսյա վճարումներին, ապա զոհված զինծառայողների ընտանիքներում կերակրողին կորցնելու դեպքում նշանակվում է զինվորական կենսաթոշակ՝ 30 հազար դրամ: Մասնավորապես, զինծառայողի 18 տարին չլրացած երեխաները կամ ուսանող երեխաները՝ ցերեկային ուսուցմամբ սովորող երեխաները մինչև 23 տարին լրանալը, ինչպես նաև զոհվելու դրությամբ աշխատանքային կենսաթոշակի իրավունքով տարիքը լրացած կամ հաշմանդամ ծնողները և ամուսինը ունեն կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք:

Պարտադիր ժամկետային զինծառայողների յուրաքանչյուր ծնող, ով կենսաթոշակային տարիքում է կամ հետագայում, երբ կհասնի կենսաթոշակ ստանալու տարիքին, ի լրումն իր աշխատանքային կենսաթոշակի, բացի ընտանիքին տրվող 30 հազար դրամ կենսաթոշակից, ստանում է նաև լրացուցիչ ևս 31 հազար դրամ:

Բացի զինվորական կենսաթոշակից, զոհված զինծառայողների ընտանիքներին վճարվում է նաև պարգևավճարներ՝ յուրաքանչյուր երեխային վճարվում է 16 հազար դրամ, իսկ ընտանիքի այլ անդամին՝ 13 հազար դրամի պարգևավճար: Ընտանիքի անդամ յուրաքանչյուր երեխայի համար տրվում է նաեւ հավելում՝ մինչև 18 տարին լրանալը 20 հազար դրամ:

Օրինակ, եթե զոհված զինծառայողը երկու անչափահաս երեխա ունի և կին, ով խնամում է երեխաներին, ապա սպայական կազմի զինծառայողի դեպքում այդ գումարը կկազմի մոտ 250 հազար դրամ, իսկ սպայականից բացի պայմանագրային կազմի այլ զինծառայողների պարագայում կկազմի մոտ 200 հազար դրամ ամսական:

Այսպիսով, հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների համար պետության կողմից տրամադրվում է երեք տեսակի գումարային աջակցություն՝ միանվագ գումար, կենսաթոշակ եւ պարգեւավճարներ:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ