Կորած միլիոններ. Հայկական Ժամանակ
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Անցած տարվա ընթացքում միայն ներկրվող ավտոմեքենաներից գանձվող ավելացված արժեքի հարկից ՀՀ պետական բյուջեն կորցրել է ավելի քան 25 միլիոն դոլար։ Խնդիրն այն է, որ նվազել են ինչպես ներկրվող մեքենաների քանակը, այնպես էլ գինը։
2015թ Հայաստան է ներկրվել 27 300 հատ ավտոմեքենա այն դեպքում, երբ 2014թ. այդ թիվը 44 300 էր։ Ներկրված մեքենաների ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 133 մլն դոլար, իսկ 2014թ.՝ 273 մլն դոլար։ Այսինքն մաքսային արժեքը կրկնակի պակաս է եղել, հետեւաբար կրկնակի նվազել է նաեւ այդ մեքենաներից գանձվող ԱԱՀ-ն։
Դրա հետ մեկտեղ Ռուսաստանից ներկրվող ավտոմեքենաների քանակն աճել է ավելի քան 3.5 անգամ, հասնելով 6 հազարի։ Անցած ողջ տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը, խախտելով ԵՏՄ պայմանագրի համապատասխան դրույթները, ՀՀ քաղաքացիներից ԱԱՀ է գանձել անձնական օգտագործման նպատակով ՌԴ-ից ավտոմեքենա ներկրելու համար։ Հիմա այդ հարկն էլ չի գանձվում, եւ դա լուրջ մարտահրավեր է պետբյուջեի համար։
Այս տարվա առաջին ամիսներին ավտոմեքենաների ներկման ծավալների անկման դինամիկան պահպանվել է՝ անցած տարվա համեմատ նվազումը մոտ 40 տոկոս է։ Իսկ սա նշանակում է որ ավտոմեքենաների ներկրումից ստացվող հարկերն էլ ավելի են նվազելու»:
Մանրամասները` թերթի այս համարում: