Երեւանի քաղաքապետը պարզապես սրճում էր. Հայկական ժամանակ
Այսօր Հայաստանի վերահսկիչ պալատը պետք է ավարտի սեպտեմբերի 13-ից Երեւանի քաղաքապետարանում սկսած ստուգումները: Այս մասին “Հայկական ժամանակ”-ի թղթակցին հայտնել էին ՎՊ մամուլի ծառայությունից` դեռեւս սեպտեմբերի 28-ին, ասելով, որ ստուգումները պլանային են եւ նախատեսված են մինչեւ հոկտեմբերի 17-ը: Թե ինչ է հայտնաբերվել այս ստուգումների ժամանակ, երեկվա դրությամբ հայտնի չէր, թերթը հիշեցնում է սակայն, որ ստուգումները սկսելուց երկու շաբաթ հետո` սեպտեմբերի 26-ին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել էր Վերահսկիչ պալատ, մի քանի ժամ անցկացրել ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի հետ:
Երեկ էլ ահա ժամը 16.30-ի սահմաններում Տարոն Մարգարյանի ավտոմեքենան կայանած է եղել ՀՀ գլխավոր ղատախազության շենքի դիմաց: Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ա. Գեւորգյանը թերթի թղթակցի հարցին, թե արդյոք Տարոն Մարգարյանը երեկ այցելե՞լ է գլխավոր դատախազություն եւ ինչո՞ւ, պատասխանել է. “Մեքենա՞ն եք տեսել, դիմացի այգու սրճարանում սուրճ էր խմում”: