Դելֆինները լքել են Հայաստանը. փնտրում են մեղավորներին
“Թռչնասերների կենտրոն” հասարակական կազմակերպության նախագահ Սիլվա Ադամյանը “Հենարան” մամուլի ակումբում այսօր անդրադարձավ Երեւանի “Դելֆինարիումի” ապամոնտաժմանը: Երկու տարի առաջ, երբ բացվում էր “Դելֆինարիումը”, տիկին Ադամյանը բնապահպանների հետ պայքարեց դրա դեմ: Բանն այն է, որ դելֆինները չեն կարող ապրել ծովից դուրս: Բնապահպանները բողոքում էին, որ “այդ կենդաննիները չեն կարող 2 տարուց ավելի ապրել”:
“Փաստորեն, տեղի ունեցավ այն, ինչին սպասում էինք: Դելֆինարիումը, դելֆինները չէին անցել բնապահպանական փորձաքննություն, կառույցն անգամ ծովային կենդանիների մասնագետներ չուներ”,-ասաց տիկին Ադամյանը:
Մասնագետի խոսքով, դելֆիններին պահում էին քլորացված ջրում, իսկ ծովային հավելումները ոչ մի ազդեցություն չունեին: Բնապահպանը պատմեց, որ երեւանյան դելֆիներին անցած տարի իբրեւ հյուրախաղերի տարան Ուկրաինա, բայց պարզվեց, որ կենդանիները առողջության խնդիրներ ունեին եւ վերականգնողական կուրսեր պիտի անցնեին:
Ըստ Ս.Ադամյանի, այդ դելֆինները հետ չբերվեցին Հայաստան, փոխարինվեցին նոր դելֆիններով, որոնք եւս չդիմացան: Ի դեպ, առկա փաստաթղթերով, իրավունք կար դելֆիները ներկրելու Հայաստան, սակայն ոչ մի փաստաթղթում դրանց դուրս հանելու թույլտվության փաստաթուղթ չկար: Ըստ պայմանագրի, դելֆիները համարվում էին Հայաստանի Հանրապետության սեփականությունը:
Որոշ տեղեկությունների համաձայն, այդ դելֆինները հիմա Կատարում են եւ անցնում են վերականգնողական նոր կուրս: “ Այդ կենդանիները նաեւ Հայաստանի սեփականությունն են, սակայն հայտնի չէ, թե որ կառույցին են պատկանում”,-ասաց ՀԿ-ի նախագահը` ավելացնելով, որ հիմա փորձում են պարզել սեփականատիրոջը: