15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ազգային Ժողովում շրջանառության մեջ է դրվել Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին նախագիծ

ՀՀ Ազգային Ժողովում շրջանառության մեջ է դրվել Արցախի Հանրապետությունը ճանաչելու նպատակով  Զարուհի Փոստանջյանը և Հրանտ Բագրատյանը շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ`Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին:
Նախագիծը բաղկացած է ընդամենը 2 հոդվածից:
Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Որպես հիմնավորում նշվում է, որ «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ` ՀՀ կողմից իրավամբ կճանաչվի Արցախի փաստացի կարգավիճակը` ելնելով նրանից, որ Արցախի Հանրապետությունը բավարարում է ինքնիշխան պետության համար միջազգային օրենքի բոլոր նախապայմաններին: Եվ օրենքը հիմք կհանդիսանա Հայաստանի և Արցախի հանրապետությունների` Արցախի Հանրապետության պաշտոնական ճանաչումից ծագող հարաբերությունները կարգավորելու, Արցախի անվտանգությունն ապահովելու և ամրապնդելու գործում ՀՀ իրավունքներն ու պարտականությունները որոշակիացնելու, Հայաստանի ազգային շահն ու պետական քաղաքականությունը սահմանելու, հետհակամարտյան վերականգնման աշխատանքներին Հայաստանի մասնակցության համար:
Նշվում է , որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը, քանի որ`
ա) Արցախի Հանրապետությունը, իբրև ԽՍՀՄ ապագաղութացման սուբյեկտ, նախկին միութենական հանրապետությունների նման իր անկախությունը նվաճել է միջազգային իրավունքի սկզբունքներին և ԽՍՀՄ իրավական նորմերին համահունչ, մասնավորապես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա, իսկ այսօր Արցախի Հանրապետությունը` իբրև անկախ պետություն, կայացած իրողություն է.
բ) Հայաստանի Հանրապետությունը ցայսօր չի ճանաչել Արցախի Հանրապետությունը` ելնելով այն հնարավոր հեռանկարից, որ հակամարտության կարգավորման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունները հակամարտության մեջ ներքաշված բոլոր կողմերի ու շահագրգիռ պետությունների և, առաջին հերթին, Արցախի բնակչության համաձայնության պարագայում կարող են այլ կարգավիճակ սահմանել Արցախի Հանրապետության համար.
գ) մինչ օրս բանակցությունների արդյունքում հակամարտող կողմերի համար ընդունելի լուծում չի գտնվել, թեև Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը տևապես պատրաստակամություն և քաղաքական կամք են դրսևորել` գտնելու հակամարտության կարգավորման փոխընդունելի տարբերակ: Միևնույն ժամանակ Ադրբեջանի Հանրապետությունն (ԱՀ) արդեն պաշտոնական դիրքորոշմամբ հայտարարում է նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքային սահմաններից դուրս խնդրի որևէ լուծում մերժելու և Արցախի ինքնավարությունից տարբեր այլ կարգավիճակ չընդունելու մասին: Ավելին` պաշտոնական Ադրբեջանն այս օրերին անցել է լայնածավալ պատերազմի շփման գծի ողջ երկայնքով: Հրապարակված «Մադրիդյան առաջարկների» (2007թ նոյեմբերին պաշտոնապես հանձնված երկու կողմին, բայց ոչ Արցախի Հանրապետությանը, և նորացված` 2009թ. օգոստոսին) հիման վրա առաջարկվող լուծումը հակասում է Արցախի Հանրապետության Սահմանադրությանը, դրանում ամրագրված Արցախի պետական տարածքային ամբողջականությանը, հետևաբար և Արցախի ազգային անվտանգությանը: Այդպիսի լուծումը սպառնալիք է նաև ՀՀ ազգային անվտանգությանը.
դ) չնայած ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի թիվ 1650-XI որոշման 1-ին կետի համաձայն Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչել է «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ինքնորոշման փաստը…», իսկ նույն որոշման 2-րդ կետով սահմանվել է, որ «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի լիազոր ներկայացուցիչների համագումարը և նրա ընտրած Ազգային խորհուրդը որպես մարզի ներկայումս գործող միակ իշխանությունը», 1991թ. դեկտեմբերի 10-ին ԼՂ անկախության հանրաքվեից, Արցախի Հանրապետությանը ու ՀՀ-ին Ադրբեջանի պարտադրած պատերազմից ու 1994թ. կնքված զինադադարից հետո ստեղծվել են պատմական-տարածքային-քաղաքական միանգամայն նոր իրողություններ: Դրանք Հայաստանի կողմից պատշաճ կերպով չեն ճանաչվել` բանակցային եղանակով խնդրի հանգուցալուծմանը Ադրբեջանի հնարավոր համաձայնության ու փոխզիջման պատրաստակամության մասին սին հույսեր փայփայելու հիմնավորմամբ: 2006թ. դեկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետությունում անցկացված հանրաքվեով ընդունվել է Սահմանադրություն` նրա ներկայիս պետական տարածքային ամբողջականության ամրագրմամբ.
ե) 2007թ. օգոստոսի 28-ին շրջանառության մեջ դրված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (հեղինակ` Ր. Հովհաննիսյան) կապակցությամբ ՀՀ Կառավարության 2007թ. սեպտեմբերի 24-ի եզրակացության բոլոր կետերում բերված քաղաքական բնույթի հիմնավորումները ոչ միայն այդ պահին, այլև հաջորդած 2 տարիների ընթացքում անկենսունակ և ոչ ճշմարիտ դարձան: Հայաստանի Հանրապետության օրենքով Արցախի Հանրապետությունը ճանաչելու փաստն ամենևին չի հակասում միջազգային կառույցների` ՄԱԿ, ԵԽ և ԵԱՀԿ առջև մեր երկրի ստանձնած պարտավորություններին, քանի որ այդ կառույցների փաստաթղթերը կամ իրենց մեջ ներառում են խնդրի վերաբերյալ ՀՀ պաշտոնական դիրքորոշումն ամրագրող հայտարարություններ (օրինակ` ԵԱՀԿ/ԵԱՀԽ), կամ նրանց սկզբունքներն են ուղղակիորեն վերաբերում ժողովուրդների ինքնորոշմանը, բնիկ ժողովուրդների իրավունքներին ու դրանց ճանաչմանը, անգամ` միակողմանի (ՄԱԿ): Սույն ակտով Հայաստանը խնդրի կարգավորումը չի տեղափոխում միջազգային ատյաններ, չի նպաստում Ադրբեջանի նմանատիպ ձգտումներին, չի վտանգում տարածաշրջանում հաստատված փխրուն խախաղությունն ու առկա ստատուս-քվոն, չի վկայում խնդրի` բանակցային ճանապարհով լուծելու Հայաստանի ստանձնած պարտավորությունից հրաժարվելու մասին (ԵԱՀԿ փաստաթղթերով ՀՀ-ի հետ միաժամանակ Արցախի Հանրապետությունն է բանակցային կողմ, և նա չի հրաժարվում ու հրաժարվել բանակցելու պատրաստակամությունից), քանի որ այդպիսի զարգացումները բացառապես այլ գործոններով են պայմանավորված, ինչպես` միջազգային հանրության դիրքորոշման փոփոխությունը և դրանում հավասարակշռության (պարիտետի) խախտումը, հակամարտության հետ կապված միջազգային ու կողմերի ազգային ուժերի (ռազմա-քաղաքական, տնտեսական հավասարակշռությունը) հաշվեկշռի փոփոխությունը, Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության դիվանագիտական կարողությունները և այլն.
զ) Ճանաչման ակտի համար միջազգային օրենքում չկա միակ ընթացակարգ, որը կբացառեր խնդրին այլ մոտեցումներ: Այն կարող է իրականացվել փաստացի` de facto (ինչն արվել է Հայաստանի կողմից, բայց որը բավարար չէ) և իրավական առումով` de jure, որի անհրաժեշտությունն այսօր առկա է: Միջազգային պրակտիկայում այն կարող է կատարվել թե պետության գլխի կամ գործադիրի, թե խորհրդարանի կողմից: Սույն օրենքով Արցախի Հանրապետության ճանաչումը կհստակեցնի թե ղարաբաղյան հիմնահարցի կապակցությամբ խորհրդարանական դիվանագիտությունը, թե կնպաստի պետության գլխի կամ գործադիրի կողմից խնդրի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին, հատկապես, երբ, իբրև վերջնանապատակ, այն համահունչ է մինչ այժմ արված հայտարարություններին և Ազգային անվտանգության ռազմավարության մեջ շարադրված դրույթներին:
Միաժամանակ և հետևապես, Ադրբեջանի Հանրապետության ռազմական հրապարակային ու այլևս միջազգայնորեն վավերագրված ու անտեսվող վտանգին դիմակայելու, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության ներկայիս մակարդակը բարձրացնելու շահախնդրությամբ Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության հետ մեկտեղ երաշխավորում է Արցախի Հանրապետության բնակչության ապահովությունն ու նրա տարածքային ամբողջականությունը` Արցախի Հանրապետության նկատմամբ նախահարձակ որևէ գործողության կամ բացահայտ սպառնալիքի դեպքում:
Սույն օրենքի ընդունմամբ, այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետությունը չի բացառում Արցախի Հանրապետության ժողովրդի կամոք այլ կարգավիճակի սահմանումը` այն հանրաքվեով ամրագրելու պարագայում: Արցախի ազգաբնակչության կողմից նման որոշում ընդունելու դեպքում Հայաստանի Հանրապետությունը կնպաստի դրա կենսագործմանը:
Օրենքը Հայաստանի Հանրապետությանը նաև թույլ կտա հետհակամարտյան վերականգնման շրջանում Արցախի Հանրապետության և շահագրգիռ այլ պետությունների, դոնոր կազմակերպությունների հետ միասին աջակցել հակամարտության գոտում պատերազմի հետևանքների վերացմանը` խաղաղ քաղաքացիների կյանքի ու աշխատանքի բնականոն պայմանների ստեղծմանը, փախստականների վերադարձին և տարածքների վերաբնակեցմանը:
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ