ՀԷՑ-ը 5 մլն դրամով տուգանվեց
ՀԷՑ-ը 5 մլն դրամով տուգանվել է հաշվիչների՝ ցերեկային սակագնից գիշերայինի անցնելու գրաֆիկում խափանումներ թույլ տալու համար։
Այս մասին այսօր համապատասխան որոշումն ընդունել է ՀԾԿՀ հրավիրած նիստում։
Հանձնաժողովը բացատրությունների պահանջով դիմել է ՀԷՑ-ին։ 2015թ, նոյեմբերի 20-ին ընկերությունից վստահեցրել էին, որ հաշվիչների աշխատանքը մինչեւ դեկտեմբեր կկարգավորվի։ 2016թ. փետրվարի վերջին պատգամավոր Էդմոն Մարուքյանը եւ «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ն իրարից անկախ դիմում էին ներկայացրել ՀԾԿՀ։ Մարտին հանձնաժողովին ուղարկած նամակում ՀԷՑ-ը հայտնել էր, որ պատրաստվում է հաշվիչների ճշգրտման աշխատանքներն ավարտին հասցնել մինչեւ հուլիսի 1-ը։ Լրացուցիչ պարզաբանումների համար ՀԷՑ-ին 10 օր էր տրվել, որի ընթացքում ընկերությունը ոչ մի հավելյալ փաստարկ չէր ներկայացրել։
Հաշվի առնելով դա՝ ՀԾԿՀ-ն ՀԷՑ-ին տուգանել է 5 մլն դրամով եւ մինչեւ օգոստոսի 1-ը ժամանակ է տվել անճշտությունները վերացնելու համար։
«Մենք ձեզ ընդառաջ կգնանք, սակայն մասնակի։ Իսկ դուք պետք է սուղ ժամկետներում լուծեք խնդիրը, անգամ եթե ստիպված եք աշխատել գիշեր-ցերեկ»,- ասել է ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը։