Հետընտրական Հայաստանում ձեւավորվեց ‘’ռեալ շուկայական կռիվ միկրոֆոնի առաջ”. Անուշ Սեդրակյան
‘’Ազատ դեմոկրատներ” կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը համոզված է` այսօր Հայաստանի քաղաքական կյանքում կանանց մասնակցությունն իրական է դառնում: Մինչ այս, նրա խոսքով, Հայաստանի քաղաքական դաշտը փոքր-ինչ միֆոլոգիական վիճակում էր. ’’Իշխանությունից բոլորը վախենում էին, ընդդիմությանը` սիրում, իսկ հիմա հասարակությունը իսկապես ձեւավորվել է որպես երրորդ կողմ:
Ամենագիտակից մասսան հասարակության մեջ, ըստ բանախոսի, կազմում են կանայք, եւ նրանք արդեն հավասարապես քննադատական են վերաբերվում թե ընդդիմադիր, թե իշխանական պոստուլատներին:
Անուշ Սեդրակյանը համոզված է`այս միջավայրում կանայք կարող են քաղաքականության մեջ ունենալ մեծ ներդրում եւ, բարեբախտաբար նաեւ այն պատճառով , որ պակաս կոնֆլիկտային են, քան արական սեռի գործիչները: Սրա հետ մեկտեղ Անուշ Սեդրակյանը կարծում է, որ երբեմն քաղաքականության մեջ կանանց տղամարդիկ մղում են առաջ` որպեսզի կանայք հենց իրենց` տղամարդկանց ասելիքը փոխանցեն:
Ինչ վերաբերվում է այն հարցին, թե այսօր քաղաքականության մեջ տղամարդկանց ավելի շատ բան է ներվում, քան կանանց , Անուշ Սեդրակյանը կարծում է.’’Հայաստանում դեռեւս ճամբարային մոտեցում է `կա մոդեռն հասարակություն եւ արխայիկ հասարակություն: Արխայիկը կանանց սկսել է դիտել մանրադիտակի տակ, իսկ մոդեռնը`մանրադիտակի տակ նայում է բոլորին’’:
Խոսելով քաղաքական հանդուրժողականությունից, Անուշ Սեդրակյանը կարծիք հայտնեց, որ հատկապես այս հետընտրական իրավիճակում հայաստանյան քաղաքական դաշտում ձեւավորվեց ‘’ռեալ շուկայական կռիվ միկրոֆոնի առաջ’’, որի մասնակիցը, նրա խոսքով, հավասարապես եւ կանայք, եւ տամարդիկ, եւ արվեստագետներն են, իսկ երբեմն էլ` դրանց միքսը: Անուշ Սեդրկյանի խոսքով, էմոցիաները չպետք է լինեն քաղաքական կրեդո:
‘’Հասարակությունը պետք է պահանջի, որ հայտարարություն անող ցանկացած գործիչ հարգի դիմացինին’’: Անուշ Սեդրակյանը գտնում, է, որ նման երեւույթները չպետք է ներելի լինեն եւ պետք չէ` ասել , որ մենք ունենք սիրելի եւ մերժելի գործիչներ, որոնց կարելի է ներել կամ ոչ:
Կին քաղաքական գործիչը վստահ է, որ վաղուց ժամանակն է, որ Հայաստանն անցնի հումանիստական սկզբունքներին: Նրա խոսքով, այսօր շատ դեպքերում կանայք քվեարկում են հօգուտ տղամարդու, որովհետեւ “պատրիարխիկ” հասարակությունը նրանց ներշնչել է, որ կինը իրավազուրկ է, բայց կինը կամաց -կամաց զգում է, որ ինքը պետք է հույսն իր վրա դնի:
Ինչ վերաբերվում է տեսակետին, թե կանայք հենց իրենք քաղաքականության մեջ նախապատվությունը տալիս են ուժեղ տղամարդուն, Անուշ Սեդրակյանն ասում է.’’ Ուժեղ տղամարդու սինդրոմը Հայաստանում շատ հաճախ ասոցացվում է բիրտ ուժի հետ’’: Նրա համոզմամբ, վաղուց ժամանակն է, որ այդ բիրտ ուժից անցում կատարվի դեպի պրոֆեսիոնալիզմն ու ինտելեկտը:
Իսկ թե ինչու Հայաստանում նախագահական ընտրություններին այդպես էլ կին թեկնածու չունեցանք, նաեւ ի դեմս տիկին Սեդրակյանի, բանախոսն ասաց.‘’Կինը ձգտում է առավելագույն պրոֆեսիոնալիզմի եւ առավելագույն իրատեսության:
Գնալ ընտրությունների, միայն նրա համար, որ դու կին ես, պրոֆեսիոնալ եւ իրատեսական չէ: Զուտ գենդերայինն մասնակցությունը ես համարում եմ յուրատեսակ արհամարհանք հենց կնոջ նկատմամբ’’: Անուշ Սեդրակյանը սրա հետ մեկտեղ կարծում է, որ բոլորովին իրատեսական է, որ առաջիկայում Հայաստանը կունենա կին նախագահ:
Անուշ Սեդրակյանը գտնում է, որ զուտ ֆորմալ առումով կանանց ներկայությունը քաղաքականության մեջ ավելի վնասակար է, քան նրանց բացակայությունը: Դա նրա խոսքով, թույլ չի տալիս կանանց աճել պրոֆեսոինալ առումով եւ այդ տեղը լավագույն դեպքում գրավում են նրանք, որոնք շատ դեպքերում իրականում բացակա են: