Մանկապիղծ գյուղապետի՞ն հանրային պաշտպան
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը մինչեւ դեկտեմբեր հետաձգել է Հարթաշենի գյուղապետ Ազատ Ղուկասյանի դատավարությունը:
Հիշեցնենք, որ 50-ամյա գյուղապետը մեղադրվում է 14-ամյա Ա. Պ.-ին բռնաբարելու մեջ: Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (բռնաբարություն անչափահասի նկատմամբ), որը նախատեսում է ազատազրկում 4-ից 10 տարի ժամկետով:
Ինչպես մեզ տեղեկացրեց Ա. Պ-ի փաստաբան Կարեն Մեժլումյանը, Ղուկասյանի փաստաբանը հրաժարվել է պաշտպանությունից, եւ նոր պաշտպան պետք է ունենա: Բայց այդ դատական նիստից հետո ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով քննության վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ՝ Հարթաշեն համայնքի ղեկավար Ա.Ղուկասյանի կողմից անչափահաս Ա. Մ.-ին իր հետ սեռական հարաբերություն ունենալուն հարկադրելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի հատկանիշներով, ինչն էլ պատճառ դարձավ հետաձգելու դատավարությունը:
Մեր ունեցած տեղեկություններով, Ղուկասյանի հարազատներին չի հաջողվում որեւէ փաստաբանի հետ պայմանագիր կնքել, եւ այս դեպքում նրան կառաջարկվի հանրային պաշտպան: