Շուշանը չի հաշվում Հախվերդյանի փողերը. 168 ժամ
Երգչուհի Շուշան Պետրոսյանը թերթի հետ հարցազրույցում պատասխանել է Ռուբեն Հախվերդյանի երեկ արված հետեւյալ հայտարարությանը, թե Շուշան Պետրոսյանը վերջին շրջանում Պաշտպանության նախարարությունից լավ փողեր է ստանում, բա ինչի՞ չպիտի իշխանությանը գովերգի: Ի դեպ, Ռուբեն Հախվերդյանը Շուշանի հարեւանն է, ապրում են նույն շենքում:
“Ես երբեւէ ինձ թո՞ւյլ եմ տվել հաշվել Ռուբեն Հախվերդյանի փողերը, երբ գնում էր այս կամ այն նախարարի մոտ ու գումար էր մուրում, եւ հետո գալիս-ասում էր` սրան քցեցի, նրան քցեցի` կոնկրետ նախարարների անուններ տալով: Ես բազմիցս դրան ներկա եմ եղել, բայց ինձ թո՞ւյլ եմ տվել խոսել այդ մասին: Թող Ռուբեն Հախվերդյանը մտածի, թե ի՞նչ պատասխան պիտի տա Արցախի իմ զինվոր-ընկերներին իր հայտարարության համար, որը չեմ ցանկանում բարձրաձայնել հիմա, որովհետեւ ես պետականորեն եմ մտածում”,- ասել է երգչուհին:
Ի դեպ, Ազգային ժողովի պատգամավորը անդրադարձել է նաեւ այն փաստին, որ ստորագրություններ են հավաքում` նրան վաստակավոր արտիստից զրկելու պահանջով: “Ինչո՞ւ, այդ 20-30 հոգին են տվել ինձ այդ կոչումը: Ո՞ր էին նրանք 20 տարի առաջ: Ախր, այդ ժամանակ նրանք չէին էլ ծնվել:Ուղղակի ուզում եմ հարց տալ. ինչո՞ւ են ուզում ինձ զրկել վաստակավորի կոչումից, որովհետեւ ես ծառայում եմ իմ գաղափարի՞ն, թե՞ բռանանում եմ նրանց գաղափարին, թե ես դժբախտությո՞ւն եմ բերել այս երկրին, համաշխարհային ճգնաժա՞մն եմ ստեղծել, արդյոք 88-ի երկրաշարժը ե՞ս եմ կազմակերպել, գուցե պատերա՞զմն եմ ես արել, թե՞ ես եմ թույլ տալիս, որ օլիգարխները չափ ու սահմանները անցնեն, գուցե ե՞ս եմ հրահրում իրենց: Ինչի՞ ես, որովհետեւ ինձ թույլ օղակ են համարում: Ոչ, ես թույլ չեմ տա, Փառք Տիրոջը, այնքան ուժեղ եմ, որ գիտակցում եմ Աստծո պատվիրանները”,-եզրափակել է երգչուհին: