Բարեփոխումների խորհրդի նիստ՝ դոնոր գործընկերների մասնակցությամբ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը:
Նիստին խորհրդի անդամներից բացի մասնակցել են նաեւ Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի գործունեությանն աջակցող կառույցների՝ ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Համաշխարհային բանկի եւ Ավստրիական զարգացման գործակալության ներկայացուցիչները, ինչպես նաեւ կարգավորիչ գիլյոտին արագ բարեփոխումների գործիքի հեղինակ, Հայաստանում իրականացվող կարգավորիչ գիլյոտին ծրագրի գլխավոր խորհրդատու Սքոթ Յակոբսը:
Ողջունելով ներկաներին վարչապետը նշել է. “Այսուհետ մեր նիստերին մասնակցելու են նաեւ մեր դոնոր գործընկերները: Մեր աշխատանքները պետք է դարձնենք առավել թափանցիկ եւ դոնորները՝ որպես շահագրգիռ կողմ, պետք է մշտապես ներգրավված լինեն այդ աշխատանքներին, որպեսզի հստակ պատկերացնեն, թե ինչ խնդիրներ ենք մենք լուծում եւ ինչպիսի քայլերով ենք առաջ գնում”: Տիգրան Սարգսյանն ասել է, որ կարգավորիչ գիլյոտինը մեր երկրում առաջին հերթին կիրառվում է այն ոլորտներում, որոնք մեծապես կապված են փոքր եւ միջին բիզնեսի հետ:
Սքոթ Յակոբսն իր հերթին նշել է, որ գիլյոտինի կիրառումը ենթադրում է լուրջ բարեփոխումներ, որի նպատակն է բարելավել երկրի մակրոտնտեսական միջավայրը՝ բիզնես գործունեության եւ ներդրումների համար: Կարգավորիչ գիլյոտին արագ բարեփոխումների գործիքի հեղինակն իր աջակցությունն է հայտնել հայաստանյան գործընկերներին՝ տարբեր բնագավառներում բարեփոխումները հիմնարար կերպով առաջ տանելու եւ դրանց նոր ուժ հաղորդելու համար:
Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի կողմից իրականացվող գիլյոտին ծրագրի ընթացքը եւ հետագա քայլերը: