28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Բաղդասարովի ինքնաթիռները կրկին չեն թռչում. “Արմավիա”-ն մեղադրում է “Զվարթնոց”-ին

“Արմավիա”-ի ինքնաթիռները “Զվարթնոց” օդանավակայանից կրկին չեն թռչում: Պատճառը նույնն է` “Զվարթնոց”-ը /“Արմենիա” միջազգային օդանավակայաններ ՓԲԸ/  կրկին դադարեցրել է “Արմավիա” միջազգային ուղեւորափոխադրող ընկերության չվերթների սպասարկումը` պարտքերի պատճառով:

“Արմենիա” միջազգային օդանավակայաններ ՓԲԸ  հանրային կապերի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանը Henaran.am-ին  փոխանցեց, որ պայմանագրում նշված պարտքերի սահմանաչափն “Արմավիա”-ի կողմից մոտ մեկ միլիոն դոլարով գերազանցվել է. “Չվերթների սպասարկումը կվերականգնվի միայն այն ժամանակ, երբ ավիաընկերությունը կատարի իր ստանձնած պարտավորությունները”:

Իսկ “Արմավիա”-ից մեզ ասացին, որ ամենօրյա վճարումները սահմանված կարգով կատարվում են: Ավիաընկերությունը “Զվարթնոց”-ի գործոցությունները պայմանավորում է “Արմավիա”-ի վաճառքով, որի շուրջ բանակցությունները դեռ չեն ավարտվել: “Այս քայլերը “Զվարթնոց”-ը ձեռնարկում է այն պատճառով, որ իրեն դուր չի գալիս փաստը, որ շուտով “Արմավիան” նոր բաժնետեր է ունենալու”,-Henaran.am-ին ասացին “Արմավիա”-ից` հավելելով, որ “Զվարթնոց”-ն այս խնդիրը սկզբունքային է դարձրել եւ,  ամեն անգամ առավոտյան ժամը 9-ից սկսած դադարեցնում է ավիաընկերության առավոտյան չվերթների սպասարկումը, իսկ երեկոյան ժամը 7-ից` վերականգնում:

Այս դիտարկումը մեկնաբանելով, Գեւորգ Աբրահամյանն ասաց, թե սկզբունքի խնդիր լինել չի կարող եւ “Արմավիա”-ի չվերթների սպասարկման դադարեցումը տեղի է ունենում  բազմաթիվ  զգուշացումներից հետո միայն.“Արդյունքում տեսնում ենք, որ  իրենց ամենօրյա վճարումներն այնքան թերի են կատարվել կամ չեն կատարվել, որ  մոտ մեկ միլիոն դոլարով այդ թիվը գերազանցվել է”:

Henaran.am-ի  դիտարկմանը, թե “Արմավիա”-ի գնորդների շրջանակում նաեւ “Զվարթնոց”-ի սեփականատիրոջ անունն էր հոլովվում, գուցե սա՞է խնդիրը, Գեւորգ Աբրահամյանը պատասխանեց. ”Իհարկե ոչ, պարոն Էռնեկյանը, երբ Երեւանում էր, հստակ ասաց եւ մենք էլ հայտարարել ենք, որ նա նման մտադրություն չունի եւ չի էլ ունեցել”:

Նշենք, որ ավիաընկերության վաճառքի շուրջ բանակցությունները շարունակվում են: Մեր ունեցած տեղեկություններով, “Արմավիա”-ն ընտրություն կկատարի հավակնորդ 3-4 ընկերություններից: Ընկերությունների անունները չեն բացահայտվում որպես կոմերցիոն գաղտնիք:

Հիշեցնենք, որ  “Արմավիա”-“Զվարթնոց” վեճը ընթանում է դեռ այս տարվա մարտից, երբ “Արմավիան” հրաժարվեց չվերթներ իրականացնել, պատճառաբանելով, թե օդանավակայանային սպասարկման գները բարձր են: Այնուհետ ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը հանդես եկավ հայտարարությամբ, որով պահանջում էր 25 տոկոսով իջեցնել սպասարկման գները: Բանկցություններից հետո “Զվարթնոց”-ն ու “Արմավիան” համաձայնության եկան:

“Արմավիայի” կուտակած պարտքերի խնդիրը կրկին ծագեց սեպտեմբերի 20-ին, երբ “Զվարթնոց” օդանավակայանը պարտքերի կուտակումների եւ պայմանագրով  նախատեսված սահմանաչափի զգալի գերազանցման պատճառով անորոշ ժամանակով դադարեցրել էր “Արմավիա” միաջազգային ավիաընկերության չվերթների սպասարկումը: Ավելի ուշ “Զվարթնոց”ը “Արմավիա”-ին ժամանակ տվեց եւ չվերթների սպասարկումը վերականգնվեց:  Հավելենք նաեւ, որ Henaran.am-ի հետ զրույցում ստեղծված իրավիճակը “Արմավիա” –ի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը մեկնաբանել էր` նշելով, թե  ”Զվարթնոցը” առիթ է փնտրում նախկին, ավելի թանկ սակագներին վերադառնալու համար:

Հ.Գ. Նյութի հրապարակումից ժամեր անց տեղեկացանք, որ “Զվարթնոցը” ժամանակավորապես` մինչեւ հոկտեմբերի 18-ը ժամը 11-ը վերականգնել է “Արմավիա”-ի չվերթների սպասարկումը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ