Անախորժություն ԱԺ-ում
ԱԺ-ում քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին նախագծի քննարկման ընթացքում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ առաջին ընթերցման ժամանակ իրենք ձեռնպահ են քվեարկել:
«Եթե կոպիտ ասեմ, այս օրենքի նախագծից դուրս են հանվել «զինվորական», «ռազմական», «զինվորական կոչում» արտահայտությունները: Ռազմական բաղադրիչը դուրս է հանվել, ավելացվել է «արտակարգ իրավիճակների լիազոր մարմին» արտահայտությունը եւ այդ մարմնին թույլ են տվել սպառազինություն ունենալ: Ասում են, մենք իբր քաղաքացիական պաշտպանության համակարգը, որը գործում էր Սովետմիությունից սկսած՝ փոխանցել ենք նոր լիազոր մարմնին: Արդյունքում, մենք չենք վերանայել այդ մարմնի խնդիրները, որ այդ ոչ ռազմական, ոչ զինվորական ստորաբաժանումը կարողանա լուծել:
Եթե քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները ղեկավարվելու են միայն պարեկապահակային կանոնագրքով, սրանք արդեն զինվորական ստորաբաժանում չեն, այլ արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանում: Բա սրանք ի՞նչ կապ ունեն ԶՈՒ գլխավոր շտաբի հետ, ո՞նց կարող են պատերազմի ժամանակ մտնել ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ խմբի մեջ, եթե սա զորք չէ: Սա փրկարար ծառայության կառույց է ու այդ խեղճուկրակ կառույցի վրա դնում են տեսեք ինչ խնդիր՝ հետախուզական խմբերի դեմ պայքար, ՀՀ ներթափանցած հակառակորդի հատուկ ստորաբաժանումների դեմ պայքար: Մենք փորձել ենք ունքը շտկել, բայց աչքն էլ ենք հանել այս նախագծով: Ասում են՝ ջրամբարների վրա կանգնած պահակները զենք չունեն: Բա ստեղ երկու գեներալ ունենք, չե՞ն ասում, ժողովուրդ ջան, էս ի՞նչ եք անում, ո՞նց կարելի է քաղաքացիական ծառայողի վրա ռազմական խնդիր դնել»,- ասաց Ջհանգիրյանը:
Նա հայտարարեց, որ էլի ձեռնպահ են քվեարկելու. «Չի կարելի այսպիսի հում նյութ բերել այս միասնական համախմբման ֆոնի տակ անցկացնել: Եթե մի դեպք լինի վաղը, մենք դրա մեջ ունենալու ենք մեր մեղքի բաժինը»:
ԱԺ պաշտպանության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը մեղադրեց Ջհանգիրյանին, պնդելով, որ Ջհանգիրյանը խեղաթյուրում է իրականությունը ու լքում նիստերի դահլիճը. «Դա տվյալ պատգամավորին բնորոշ վարքագիծ է, առաջին անգամ չի, որ հանդիպում ենք այդպիսի մոտեցման: Ցավում եմ, որ այս ռազմական կարեւորագույն իրավիճակում հանդիպում ենք այսպիսի դրսեւորումների: Պետք է բարձրաձայնեմ որոշ իրողություններ», – ասաց Կորյուն Նահապետյանը:
Նահապետյանը հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության ղեկավարին, ասելով.
«Ճշտե՞լ եք` ձեր պատգամավորը անցած 4 տարիների ընթացքում քանի՞ անգամ է մասնակցել իրենց հանձնաժողովի քննարկումներին, լսումներին. չի՛ մասնակցել կարեւորագույն բազմաթիվ նախագծերի քննարկմանը: Եվ գալ այստեղից նման հայտարարություններ հնչեցնել՝ չտիրապետելով ընդհանրապես օրենսդրական կարգավորումներին՝ ոչ պաշտպանության մասին օրենքին, ոչ քաղաքացիական պաշտպանության մասին օրենքին, ոչ քաղպաշտպանության ստորաբաժանումների մասին օրենքին: Սա՛ է իրողությունը»: